Անդրիասի վերջին ճիգերը. հայտարարություն /վիդեո/
Փետրվարի 12-ին ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը մամուլի ասուլիսում հայտարարեց, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընդհանուր դիտորդական առաքելության երկարաժամկետ դիտորդների` Հայաստանի նախագահի ընտրությունների վերաբերյալ երկրորդ միջանկյալ զեկույցը չի անդրադարձել նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի կողմից առաջադրված պահանջներին եւ դրանց գնահատականներին:
““ԵԱՀԿ անդամ պետություններում ժողովրդավարական ընտրությունների անցկացման վերաբերյալ գոյություն ունեցող պարտավորությունները” փաստաթղթի 6.4-րդ կետի համաձայն` պետությունը մերժում է թեկնածուի գրանցումը, երբ նա կամ իր կողմից ներկայացված կուսակցությունը խախտում է սահմանադրությունը, ըստ էության` զեկույցից պարզ է դառնում, որ դիտորդական առաքելությունը անտեսում է Հայաստանի ամբողջ հանրությանը հայտնի փաստը, որ տասը տարուց ավել Հայաստանում իշխող հանրապետական կուսակցությունը իրականացրել է հակասահմանադրական գործողություններ, բաժանում է ընտրակաշառք եւ հարկադրում է քաղաքացիներին քվեարկել”,- ասվում է նրա հայտարարության մեջ:
Հացադուլավոր նախագահի թկնածուն այս ամենից եզրակացրել է, որ այդ կազմակերպության գործունեությունը որեւէ կապ չունի ժողովրդավարության հետ եւ հետապնդում է քաղաքական նպատակներ:
Անդրիաս Ղուկասյանի խոսքով, միասնական թեկնածուով ներկայանալը այս ընտրություններում` ոչինչ էլ չի փոխի: “Պարույր Հայրիկյանին, Հրանտ Բագրատյանին եւ Րաֆֆի Հովհհանիսյանին կոչ եմ անում համակերպվել գործող նախագահի հաղթանակի հետ: Նրանց միավորումը եւ միասնական թեկնածուով հանդես գալը ոչ մի լուրջ փոփոխության չի ենթարկի երկրում առկա նախընտրական իրավիճակը: Ամեն ինչ տանում է նրան, որ Սերժ Սարգսյանը կհաղթի ընտրություններում”,-ասաց թեկնածուն:
Անդրիաս Ղուկասյանը մասնավորապես ասաց, որ Պարույր Հայրիկյանը լուրջ չի վերաբերվում ընտրություններին: Ղուկասյանը չի կարող ըմբռնել, թե ի՞նչու է Հայրիկյանը իր հակասական որոշումներով անընդհատ լարվածության մեջ պահում հասարակությանը` նույնիսկ ինքն էլ չհասկանալով, թե որն է նրա նպատակը:
Անդրիաս Ղուկասյանը մինչեւ փետրվարի 18-ը ներառյալ կշարունակի հացադուլը: Թեկնածուն այսօր տեղում անալիզներ է հանձնել: Պատասխանները կլինեն վաղը` փետրվարի 12-ին: