Երեքն էլ դեկորատիվ թեկնածուներ են. Արամ Հարությունյան
Հայրիկյանին չենք հասցնում մեկնաբանել, քանի որ մեկը մյուսի հետևից իրար հակասող քայլեր է կատարում: Ադիբեկյանի ասած “ղսմաթը” ճիշտ էր: Այդ մի հարցում իր հետ համաձայն եմ:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց նախագահի արդեն նախկին թեկնածու Արամ Հարությունյանը`մեկնաբանելով Պարույր Հայրիկյանի կողմից ՍԴ տված դիմումը հետ վերցնելը:
“Դիմումում գրում էր անհաղթահարելի խոչընդոտ է իր առողջական վիճակը, բայց տալիս էր քաղաքական հիմնավորում, թե եթե իմ վրա կանգնեք` հետ կվերցնեմ դիմումը: Ամեն դեպքում ՍԴ-ը կարող էր ասել, որ այստեղ առողջական խնդիր չէ”,-ասաց նա:
Ըստ նախկին թեկնածուի`Պարույր Հայրիկյանն ինքը երևի կմեկնաբանի, “եթե 24 ժամվա մեջ նորից չփոխի կարծիքը”:
“Ինքն իրեն գցեց հակասական իրավիճակի մեջ: Անկանոն շարժումներ է անում. մի շաբաթում կարող է 15 կարծիք հայտնել … Պարզ էր, որ Րաֆֆի Հովհաննիսյանը չէր հանի թեկնածությունը, Հրանտ Բագրատյանը չէր հանի, քանի որ իրենք իրենց դերակատարելիքը ունեն”,-նշեց Արամ Հարությունյանը:
Բանախոսի խոսքով, անկախ ամեն ինչից` Րաֆֆի Հովհաննիսյանը ֆորա ստեղծել է երկրորդ տեղի համար. “Սակայն իր հանդիպումները երկրորդ տեղի չեն: Երկրորդ տեղի թեկնածու էին ժամանակին Կարեն Դեմիրճյանը, Ստեփան Դեմիրճյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը”,-նշեց Հարությունյանը:
Հարցին, թե արդյոք Պարույր Հայրիկյանի քայլը խաղ էր իշխանությունների հետ, Արամ Հարությունյանը պատասխանեց. “Երբ իրար գուրգուրում են`մեկի մոտ խանդ է առաջանում: Երեքն էլ դեկորատիվ թեկնածուներ են”:
Անդրադառնալով ընտրություններից հետո հաղթած թեկնածուի հասցեին սպասվելիք շնորհավորանքներին `բանախոսը նշեց. “Սկզբնական շրջանում ինձ թվում էր, որ Րաֆֆի Հովհաննիսյանն առաջինը կշնորհավորի Սերժ Սարգսյանին, սակայն այժմ կարծես ոչ ոք չի շնորհավորի: Քանի որ ով շնորհավորի, կդառնա “քաղաքական դիակ””: