2020-ին չարորակ նորագոյացություններից մահացողների թիվը կկազմի 10 միլիոն
Աշխարհում քաղցկեղի դեմ պայքարի միջազգային միությունը, ԱՀԿ-ն և գործընկեր միջազգային կազմակերպությունները փետրվարի 4-ը նշում են` որպես Քաղցկեցի դեմ պայքարի միջազգային օր: Այս տարի քաղցկեղի դեմ պայքարին ուղղված միջոցառումները կրում են «Մենք կարող ենք, ես կարող եմ» խորագիրը: Օրվա խորհուրդն է` ևս մեկ անգամ հասարակության ուշադրությունը սևեռել չարորակ նորագոյացությունների հետ կապված խնդիրներին, որոնք հանդիսանում են լրջագույն մարտահրավեր առողջապահական համակարգի համար:
ԱՀԿ կանխատեսումներով` 2020թ. երկրագնդում կգրանցվի 22 մլն նոր հիվանդ, իսկ չարորակ նորագոյացություններից մահացողների թիվը կկազմի 10 միլիոն: Ինչպես ամբողջ աշխարհում, մեր երկրում նույնպես քաղցկեղի կանխարգելման, բուժման և շարունակական հսկողության իրականացումը համարվում է առողջապահության առաջնահերթ խնդիրներից մեկը: Ընդհանուր առմամբ, Հայաստանում ոչ վարակիչ հիվանդություններից (ՈՎՀ) մահացության բեռը կազմում է ընդհանուր մահացության 80%-ը, ընդ որում մահացության բուրգում չարորակ նորագոյացությունները գտնվում են երկրորդ տեղում` կազմելով 20.6%:
Հայաստանի Հանրապետությունում վերջին տասը տարինեին չարորակ նորագոյացությունների հիվանդացությունն աճել է 80%-ով/1.8 անգամ (2749 դեպքով), իսկ մահացության ցուցանիշն աճել է 90%-ով/1.9 անգամ (2105 դեպքով): ՀՀ–ում 2015 թվականին կյանքում առաջին անգամ չարորակ նորագոյացություն հաստատված ախտորոշումով հիվանդների թիվը կազմել է 8365, իսկ ուռուցքաբանական հիմնարկներում դիսպանսերային հսկողության տակ գտնվող հիվանդների թիվը` 38918:
Բոլոր տիպի քաղցկեղների հայտնաբերման ցուցանիշների դիտարկումն, ըստ փուլերի, ակնհայտորեն մատնանշում է, որ Հայաստանում քաղցկեղների վաղ հայտնաբերումը, այսինքն` հիվանդության I-II փուլերում, կազմում է 43%, իսկ դեպքերի 57%-ը հայտնաբերվում են III (19%) և IV փուլերում (38%):
Ավելին, վերջին տարիներին բոլոր տեսակի քաղցկեղների վաղ հայտնաբերման ցուցանիշը չի բարելավվումև համակարգային խնդիր է:
Ուսումնասիրելով վերջին տարիների Հայաստանում չարորակ նորագոյացությունների հիվանդացության, մահացության, ապրելության, հաշմանդամության ցուցանիշների միտումները և ելներով ապացուցողական բժշկության տվյալներից, որի համաձայն քաղցկեղների ավելի քան 30%-ը կարելի է կանխարգելել` վերացնելով այդ հիվանդությունների զարգացմանը նպաստող ռիսկի գործոնների ազդեցությունները, ՀՀ առողջապահության նախարարությունը մշակել և իրականացնում է մի շարք ծրագրեր: Մասնավորապես` շեշտը դրվում է կանխարգելիչ միջոցառումերի իրականացման վրա: Երևանի և մարզերի պոլիկլինիկաներում գործում են ուռուցքաբանության կաբինետներ, որտեղ աշխատում են ընդհանուր ուռուցքաբաններ, ովքեր գրանցում, ուղեգրում և հսկում են քաղցկեղով հիվանդներին:
Այդ համատեքստում 2015 թվականից մեկնարկել է «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» սկրինինգային ծրագիրը, սոցիալական փաթեթի շահառուների կանխարգելիչ բժշկական քննությունների ծրագիրը` նպատակ ունենալով հնարավորինս վաղ հայտնաբերել, կանխարգելել և վերահսկել ոչ վարակիչ մի շարք հիվանդությունները, այդ թվում` արգանդի պարանոցի, վահանաձև գեղձի, կրծքագեղձի, շականակագեղձի քաղցկեղը:
Առողջապահական համակարգում գործում են երկու մասնագիտացված կենտրոն` ուռուցքաբանության ազգային կենտրոնը (ՈՒԱԿ) և Գյումրու հակաուռուցքային դիսպանսերը: Նշենք, որ ուռուցքաբանական ծառայությունների աշխարագրությունը վերջին տարիներին ընդլայնվել է և այսօր այն իրականացվում է նաև Երևանի պետական և մասնավոր որոշ հիվանդանոցների կողմից: Մոտ ապագայում Հայաստանի ուռուցքաբանության ոլորտում ակնկալվում է բեկումնային առաջընթաց` շահագործման կհանձնվի Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի տարածքում տեղակայված Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնը: Այն մասնագիտական նոր որակ է ենթադրում` հատկապես ախտորոշման և ռադիոթերապիայի ասպարեզում: