Սիրիան, Ռուսաստանը և Իրանը միասին կոտորում են մարդկանց․ Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյում ունեցած ելույթի ժամանակ, խոսելով Սիրիայում տեղի ունեցող իրադադարձությունների մասին, մեղադրել է Ասադի վարչակազմին սեփական ժողովրդին կոտորելու մեջ: Ըստ թուրքական «Sondakika.com» լրատվական կայքի` Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ այդ կոտորածն իրականացվում է Իրանի և Ռուսաստանի մասնակցությամբ, գրում է Ermenihaber.am-ը:
«Դամասկոսի կառավարությունը 2011 թվականի մարտ ամսից սկսած իր ժողովրդի դեմ բռնություն ու ահաբեկչություն է իրականացնում: Սիրիայում մահացածների թիվը հասել է 400 հազարի: Նրանցից 1500-2000-ը սպանվել է քիմիական զենքով: Աշխարհը խոսում է միայն քիմիական զենքով սպանվածների մասին, սակայն սովորական զենքերով սպանվածների մասին որևէ բան չի ասում: Արդյունքում կարևոր չէ, թե ինչպիսի զենքերով են մարդիկ սպանվում: Դրանք բոլորն էլ մարդկության դեմ ուղղված հանցագործության դրսևորումներ են»-, մեկնաբանել է Էրդողանը:
Ըստ Էրդողանի` Թուրքիան այդ հարցով բազմիցս զգուշացրել է Դամասկոսի կառավարությանը, սակայն վերջինս շարունակում է ռումբերով, բալիստիկ հրթիռներով ու քիմիական զենքերով պատերազմել սեփական ժողովրդի դեմ:
«Հիմա ո՞վ է կանգնած Ասադի կողքին: Ռուսաստանը և Իրանը: Այժմ միասին են այդ ամենն իրականացնում: Միասին են մարդկանց սպանում»,- ասել է Էրդողանը:
Վերջինս անդրադարձել է նաև Սիրիայի ճգնաժամի հետևանքով առաջացած փախստականների հոսքին` նշելով, որ ՄԱԿ-ի տվյալների համաձայն Թուրքիան այսօր ամենաշատ փախստականներ ընդունող երկիրն է աշխարհում:
Թուրքիայի նախագահը այս հարցով մեղադրել է եվրոպական երկրներին՝ ասելով. «Դեռ երեկ իրադարձություններին դրսից հետևող եվրոպական երկրներն այսօր արդեն ամենայն խորությամբ իրենց վրա են զգում փախստականների հետ կապված ճգնաժամը: Այժմ սկսում են բղավել: Ասում են` թող փախստականները չգան մեզ մոտ»:
Վերջինս եվրոպական երկրներից բողոքել է փախստականների խնդիրների լուծման մեջ իրենց միայնակ թողելու համար` շեշտելով, որ Թուրքիան մինչ այս պահը իր տարածքում գտնվող ավելի քան 2.5 մլն փախստականների կարիքների համար 9 մլրդ դոլար է ծախսել: