Ո՞ւմ ուշքն է գնում իշխանության համար. Շարմազանովը սպառնո՞ւմ է
«Վարկանիշը սոցիալ հոգեբանական երևույթ է՝ տարբեր մարդիկ վարկանիշերի վերաբերյալ կարող են ունենալ տարբեր կարծիքներ: Այն կարծիքին էլ չեմ, որ բոլորի ուշքը գնում ա իշխանության համար, բայց միեւնույն ժամանակ բոլորի ուշքը չի գնում ընդդիմության համար:
Մեր երկրում կան խնդիրներ եւ Հանրապետականը չի գնում պրիմիտիվ խնդիրներ լուծելու, չի գնում պրիմիտիվ եզրույթներ օգտագործելու ճանապարհով: Այսինքն՝ զգացմունքային չի խնդիրը , խնդիրը խորքային է, եւ Հանրապետականը իր սկզբնավորման առաջին իսկ օրվանից մշտապես առաջնորդվել է պետության շահի գերակայությամբ»,-անդրադառնալով Արմեն Ռուստամյանի այն հայտարարությանը, թե ՀՅԴ վարկանիշը իջնում է իշխանությունների հետ համագործակցության արդյունքում, նկատեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը.
« Միշտ ստացվել է, չի ստացվել, այլ հարց է, բայց որ Հայաստանի հանրապետական կուսակցությունը մշտապես ունեցել է նպատակ ծառայելու հայրենիքին, ծառայելու պետությանը, քաղաքացուն, փաստ է: Եղել են նաեւ թերություններ, բայց այն որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը այսօր էլ Հայաստանի քաղաքական դաշտի ամենաազդեցիկ ամենավարկանշային, կներեք, եւ ամենամեծ ռեսուրսն ունեցող քաղաքական ուժն է, իր բոլոր թերություններով հանդերձ, սա փաստ է»,-ԱԺ փոխնախագահը հավելեց, որ այս հարցում տարբեր քաղաքական ուժեր կարող են ունենալ տարբեր կարծիքներ:
« Դաշնակցության իմ բարեկամը կարող է ունենալ մի կարծիք, ես կարող եմ ունենալ մեկ այլ կարծիք քաղաքական ուժերի վարկանիշերի վերաբերյալ, բայց ես գերադասում եմ այդ կարծիքը պահել ինձ: Իսկ ինչ վերաբերվում է Հանրապետականին, ապա ուզեն մեր գործընկերները, թե չուզեն, ես չեմ ասում Հանրապետականի համար ժողովրդի ուշքը գնում է, աննորմալ էլ կլինի, որ այդպիսի բան ասեմ, իր բոլոր թերություններով հանդերձ Հանրապետականը ամենակայացած, ամենակայուն, ամենակուռ եւ ամենաազդեցիկ քաղաքական ուժն է» :
Էդուարդ Շարմազանովը գտնում է, որ ամեն բան խոսքով արտահայտելը հեշտ է.
«Ասելով չի, 2017 թվականին կտեսնենք՝ ով ինչքան վարկանիշ ունի՝ ե՛ւ Դաշնակցույթունը, ե՛ւ Հանրապետական կուսակցությունը, ե՛ւ ՀԱԿ-ը, ե՛ւ Օրինաց երկիրը, ե՛ւ Բարգավաճ Հայաստանը, ե՛ւ նոր ստեղծվող կուսակցությունները, կապրենք կտեսնենք: Ես այլեւս այդքան երիտասարդ չեմ եւ քաղաքականության մեջ որոշակի փորձված եմ, որպեսզի այդ խայծը կուլ տամ: Ես իմ բոլոր գործընկերներին, այդ թվում նաեւ իմ սիրելի, իմ հարգելի դաշնակցական Արմեն Ռուստամյանին կհորդորեմ երբեք զգացմունքային եզրույթներ չօգտագործել, որովհետեւ զգացմունքային եզրույթները այդքան էլ օբյեկտիվ չեն: Ես իրեն այդպես չեմ պատասխանի, բայց ես կասեմ, որ Հանրապետականը ունի վարկանիշ, Հանրապետականը ունի անելիք եւ Հանրապետականը պատրաստ է համագործակցելու»: