«Շախմատի Դեւիդ Բեքհեմը»․ CNN-ը՝ Լեւոն Արոնյանի մասին /ֆոտո/
CNN-ը հայ շախմատիստ Լեւոն Արոնյանի մասին ծավալուն հոդված է հրապարակել՝ «Ինչպես շախմատի Դեւեիդ Բեքհեմը դարձավ ազգային հերոս» վերնագրով։
«Երբ Լևոն Արոնյանը քայլում է իր հայրենի Հայաստանի փողոցներով, նրան ողջունում են մարդիկ, ռեստորաններում նա անվճար է ուտում, ծնողներն իրենց նորածին զավակներին անվանում են նրա անունով: Բենզալցակայանում նրանից հրաժարվում են գումար վերցնել։ Արոնյանը դերասան չէ և ոչ էլ ակտիվիստ կամ աստղագնաց: Նա շախմատիստ է` չորրորդն աշխարհում: Եվ այս փոքր, հետխորհրդային, շախմատային երկրում դա նշանակում է, որ նա ազգային հերոս է»։
Հեղինակը Լեւոն Արոնյանին «Հայաստանի Դեւիդ Բեքհեմ» է անվանում։
Անդրադառնալով Հայաստանում շախմատի տարածվածությանը՝ նշվում է, որ շախմատը պարտադիր առարկա է Հայաստանի բոլոր դպրոցներում: «Այստեղ անգամ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահն է: Ունենալով 3 միլիոն բնակչություն` Հայաստանն աշխարհում առաջատարն է շախմատային գրոսմայստերների թվով: Շախմատի նախորդ 5 օլիմպիադաներում ազգային հավաքականը կուռքի` Արոնյանի գլխավորությամբ հաղթել է երեք անգամ»,- գրում է CNN-ը ։
Լրառտվամիջոցը մեջ է բերում Լեւոն Արոնյանի խոսքերը․ «Երբ դու ճամփորդում ես Հայաստանում, տեսնում ես վանքեր, համալսարաններ, որոնք ավելի քան 1500 տարվա հնության են: Մենք եղել ենք մի ազգ, որն ունի հսկայական ինտելեկտուալ կարողություն»։