Զիկա վիրուսը գրավում է աշխարհը
Վտանգավոր Զիկա վիրուսը սպառնում է միլիոնավոր մարդկանց։ Ընդամենն ամիսներ առաջ այն նկատվում էր միայն Բրազիլիայում, մինչդեռ այսօր ողջ Լատինական Ամերիկայի երկրներում, ԱՄՆ-ում, Աֆրիկայում լայն տարածում է գտել։ Զիկա վիրուսով վարակվելու դեպքեր են արդեն գրանցվել եվրոպական մի քանի երկրներում՝ Դանիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում։
Զիկա վիրուսը հատկապես վտանգավոր է հղի կանանց համար, դրա արդյունքում երեխաները ծնվում են գլխուղեղի անսովոր փոքր չափսով՝ մտավոր խնդիրներով։ Հղիության շրջանում Զիկա վիրուսով վարակվելը երեխայի մոտ առաջացնում է միկրոցեֆալիա՝ բնածին արատ, որը դրսեւորվում է գանգի չափի զգալի նվազմամբ եւ ուղեկցվում է մտավոր հետամնացությամբ, նեւրոտիկ շեղումներով, լսողության ու տեսողության խանգարումներով:
Վիրուսն առաջացնում է բարձր ջերմություն, կոնյունկտիվիտ, գլխացավեր եւ հոդացավեր, բորբոքային պրոցեսներ, իսկ առանձին դեպքերում՝ սրտխառնոց եւ փսխում, ստամոքսի խանգարումներ ու ցավեր: Վիրուսը տարածում է Aedes aegypti մոծակը: Մասնագետները խորհուրդ են տալիս զգուշանալ մոծակների խայթոցից, հատուկ քսուքներ օգտագործել։