Մենք ալլահից չենք վախենում․ Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավորը՝ Էրդողանին
Թուրքիայի խորհրդարանի (մեջլիս) ծագումով հայ պատգամավոր տկն Սելինա Դողանը քննադատություններ է հնչեցրել նախագահ Ռեջեփ Էրդողանի հասցեին, գրում է Ermenihaber.am-ը:
Երկրի գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) պատգամավորը խորհրդարանի ամբիոնից մասնավորապես ասել է.
«Թեև պարոն նախագահը բարեհաճում է անտեսել օրենքը, բայց պետք է ասեմ, որ մենք ալլահից չենք վախենում: Մենք վախենում ենք օրենքից ու այն բանից, որ այս երկիրը կարող է ձեռքից գնալ»:
Թուրքական լրատվակայքը Դողանի այս հայտարարությունը սկանդալային է համարել:
Նշենք, որ օրեր առաջ CHP-ի առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել էր, թե որևէ մեկը չի համարձակվում քննադատել Էրդողանին և հավելել. «Բայց մենք, որ չենք վախենում ալլահից, կհամարձակվենք»:
Աղբյուր` Ermenihaber.am