18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հերքում են՝ Հայաստանում դաբաղ չկա

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության դահլիճում հունվարի 23-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում Ծառայության անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը ներկայացրեց հանրապետության անասնահամաճարակային իրավիճակը՝ անդրադառնալով նաև Հայաստանի Հանրապետությունից ՌԴ կենդանական ծագման մթերքի արտահանման ժամանակավոր արգելքին:

Մինչ այդ տեսչության պետը պարզաբանեց, որ սպառողներն անհանգստանալու կարքի չունեն՝ մսամթերքն ու կաթնամթերքն անվտանգ են օգտագործելու համար, բացի դա՝ հանրապետությունում այսօր չկա դաբաղով հիվանդ կենդանի:
Դեկտեմբեր ամսին Արմավիրի մարզի՝ Թուրքիային սահմանակից Արազափ գյուղում է գրանցվել կենդանիների դաբաղ հիվանդության դեպք, որի մասին էլ Հայաստանն առաջինն է, որպես Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության անդամ երկիր, պաշտոնապես տեղեկացրել կազմակերպությանն ու ԵԱՏՄ գործընկերներին, այնուհետև իրականացրել անասնահամաճարակային անհրաժեշտ բոլոր միջոցառումները: Որպես առաջնային գործողություն՝ ռեֆերենս լաբորատորիայում դաբաղի տեսակը որոշելուց հետո (AG-VII շիճուկաբանական տիպի), Ծառայության պետ Արմեն Հայրապետյանն անմիջապես բանակցություններ է սկսել ՌԴ Դաշնային ծառայության ենթակայության տակ գտնվող Կենդանիների առողջության պահպանման դաշնային կենտրոնի հետ՝ Հայաստանի Հանրապետության պատվերով հնարավորինս արագ կենդանիների դաբաղ հիվանդության կանխարգելմանն ուղղված նոր պատվաստանյութ արտադրելու ուղղությամբ: Նոր պատվաստանյութը կպարունակի դաբաղի նոր վիրուսի դեմ պայքարող՝ AG-VII շճատեսակ. նախկինում Հայաստանում և տարածաշրջանում չի գրանցվել այս տիպի դաբաղ: Նոր պատվաստանյութը հնարավորություն կստեղծի ավելի պատշաճ իրականացնել պայքարը դաբաղ հիվանդության դեմ:
Հովհաննես Մկրտչյանը հստակեցրեց, թե որ ապրանքատեսակների վրա է տարածվում ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայության ժամանակավոր արգելքը. դաբաղ հիվանդությանն ընկալունակ կենդանի կենդանիներ՝ խոզեր, խոշոր և մանր կենդանիներ, դրանց գենետիկ նյութ և վերամշակում չանցած միս, ինչպես նաև ջերմային մշակում չանցած կաթ-կաթնամթերքն ու նշված կենդանիների հումքը: Տեսչության պետը տեղեկացրեց, որ բացի վերը նշված ապրանքատեսակներից՝ մնացած բոլոր պարենամթերքը՝ այդ թվում մսամթերքը, կաթնամթերքը և ձկնամթերքը, անարգել արտահանվում են ՌԴ տարածք, և որ հունվարի 20-21-ին հանրապետությունից 9 մեքենա պանիր է արտահանվել ՌԴ: Բանախոսը կրկին շեշտեց, որ արգելքը ժամանակավոր և կանխարգելիչ միջոցառում է, և որ այս շաբաթ Հայաստան կժամանի ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայության պետի տեղակալ Նիկոլայ Վլասովը՝ տեղում ծանոթանալու անասնահամաճարակային իրավիճակին ու կանխարգելիչ միջոցառումների ընթացքին:

Ամփոփելով ասուլիսը՝ ՍԱՊԾ անասնաբուժության տեսչության պետը լրագրողներին կոչ արեց կենդանիների հիվանդությունների մասին սիրողական վերլուծություններ չանել և մասնագետների հետ խոսելուց հետո ու ճշգրտված տեղեկատվություն տարածել՝ մի կողմից սպառողի մոտ անտեղի խուճապ չառաջացնելով, մյուս կողմից՝ արտահանումը չվտանգելով:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ