Վախճանվել է Դիարբեքիրի ամենածեր հայը
Դիարբեքիրում մահացել է քաղաքի տարեց հայերից մեկը՝ Սարգիս Էքենը: Թուրքական «Demokrathaber» լրատվական կայքը հայտնում է, որ Էրքենը բնակվել է Դիարբեքիրի Սուր շրջանում, որտեղ դեռ շարունակվում է պարետային ժամը, գրում է Ermenihaber.am-ը:
25 օր առաջ կտրուկ վատացել էր նրա առողջական վիճակը և նրան տեղափոխել էին վերակենդանացման բաժանմունք: Էքենի կյանքը փրկել չի հաջողվել, նա մահացել է գիշերը: Դիարբեքիրում ընթացող թուրք-քրդական զինված բախումների պատճառով թաղման արարողությունը տեղի կունենա ասորական Սուրբ Աստվածածին եկեղեցում, այլ ոչ թե հայկական Սուրբ Կիրակոսում:
1930 թվականին ծնված Սարգիս Էքենը 2015 թվականի ապրիլին հարցազրույց էր տվել բրիտանական BBC-ի թուրքական ծառայությանը՝ ասելով, որ իր միակ ցանկությունն աշխարհի խաղաղությունն է:
«Ես ուզում եմ, որ աշխարհում խաղաղություն լինի, բայց, ցավոք, ամեն կողմում պատերազմ է: Եղբայրս, որ Սիրիայի Հալեպ քաղաքում էր ապրում, պատերազմ սկսելուց հետո, վախենալով իր կյանքի համար, Հայաստան էր տեղափոխվել»,- պատմել էր Էքենը: