Էրդողանին «բռնապետի մնացորդ» անվանելու համար ընդդիմադիր կուսակցապետին մեղադրանք է առաջադրվել

Անկարայի գլխավոր հանրապետական դատախազությունը Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի դեմ հետաքննություն է սկսել, գրում է Ermenihaber.am-ը:
Թուրքական «Hürriyet» թերթի կայքի համաձայն՝ ընդդիմադիր կուսակցապետին մեղադրանք է առաջադրվել՝ «նախագահին հրապարակավ վիրավորելու» համար: Նշվում է, որ անցյալ շաբաթ կայացած կուսակցական նիստի ժամանակ Քըլըչդարօղլուն Ռեջեթ Թայիփ Էրդողանին «բռնապետի մնացորդ» է անվանել:
Այս մասին մամուլում տեղ գտած լուրերից հետո ԶԼՄ-ների հարցերով զբաղվող հանրապետական դատախազ Քյուրշաթ Քայրալը քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի («Վիրավորանք նախագահին») հատկանիշներով հետաքննություն է սկսել: Ըստ այդ հոդվածի՝ նախագահին վիրավորելու մեջ մեղադրվող անձը կարող է դատապարտվել 1-4 տարվա ազատազրկման, իսկ եթե վիրավորանքը հրապարակայորեն է հասցվել, ապա պատժաչափը մեկ վեցերորդով կարող է ավելացվել:
Ըստ աղբյուրի՝ հարուցված գործը պետք է առաջիկայում ուղարկվի Անկարայի գլխավոր հանրապետական դատախազության խորհրդարանական հանցագործությունների բյուրո: