Հայաստանի հետ հարաբերությունները չեն կարգավորվելի, քանի դեռ կա Ղարաբաղի հարցը․ Չավուշօղլու
Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն դեսպանների 8-րդ համաժողովի ժամանակ պատասխանել է հարևանների հետ վատ հարաբերություններ ունենալու պատճառների մասին հարցին, գրում է Ermenihaber.am-ը:
Ըստ թուրքական «Aktifmedya.com» լրատվական կայքի` Չավուշօղլուն նշել է, որ Թուրքիան որոշ երկրների հետ անցյալից մնացած խնդիրներ ունի` բերելով Հայաստանի հետ օրինակը:
Նախարարն ընդգծել է, որ Ադրբեջանի խնդիրն ուղղակիորեն Թուրքիայի խնդիրն է, ու քանի դեռ Ադրբեջանի տարածքների 20 տոկոսը «օկուպացված է» և գոյություն ունի Ղարաբաղի հարց,ապա Հայաստանի հետ հարաբերությունները չեն կարող կարգավորվել:
Թուրքիայի գլխավոր դիվանագետը խոսել է նաև ինքնաթիռի խոցումից հետո ռուս-թուրքական հարաբերություններում առաջացած լարվածության մասին: Նկատել է տվել, որ Թուրքիան դեռևս պատասխան պատժամիջոցներ չի կիրառել Ռուսաստանի դեմ՝ չնայած ունի դրա հնարավորությունները:
Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան ամոթի կամ մեղավոր զգալու պատճառով չէ, որ ցանկանում է կարգավորել Ռուսաստանի հետ հարաբերությունները:
«Հույս ունեմ, որ Ռուսաստանում կհաղթի ողջամտությունը և մենք նորից կվերադառնանք նախկին հարաբերություններին»,- եզրափակել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը: