Հայ պատգամավորն առաջարկել է թուրքական անձնագրերից հանել կրոնի մասին տողը
Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) հայազգի պատգամավոր Գարո Փայլանը առաջարկել է թուրքական ինքնության քարտերից հանել կրոնի մասին տեղեկության տողը և դադարեցնել «ազգության կոդի» կիրառումը, գրում է Ermenihaber.am-ը:
Թուրքիայի մեջլիսում տեղի ունեցած քննարկումների ժամանակ ելույթ ունեցած Փայլանը նշել է, որ պետական մարմիններում ինքն անձամբ բազմաթիվ անգամ խտրական վերաբերմունքի է արժանացել ինքնության քարտում կրոնի դաշտում քրիստոնյա նշված լինելու համար:
Ըստ թուրքական «haberciniz.biz» լրատվական կայքի` ելույթում Փայլանը մասնավորապես ասել է. «Նայում էին անվանս ու անմիջապես շրջում էին քարտը ու նայում կրոնի դաշատին`քրիստոնյա: Այդ պատճառով բազմաթիվ անգամներ խտրական վերաբերմունքի եմ արժանացել: 1 օրում կատարվելիք գործը իմ համար մեկ շաբաթ կամ 10 օր էր տևում»:
Փայլանը քննադատել է նաև ինքնության քարտերում կիրառվող «ազգության կոդը»` նշելով, դա կիրառության մեջ է մտցվել դեռև «Թեշքիլաթը մահսուսա»-ի (Հատուկ կազմակերպություն) կողմից ու մինչ այժմ կիրառվում է Թուրքիայի Հանրապետությունում:
«Մեր` հայերիս կոդը 2-ն է, հույներինը` 1-ը, հրեաներինը`3-ը, Ասորիներինը`4-ը»,- հիշեցրել է Փայլանը` կոչ անելով վերացնել փոքրամասնությունների վերաբերյալ խտրական վերաբերմունքը: