Մեր Եկեղեցու դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ բազմիցս արտահայտվել է․ Պատրիարք Կիրիլի մամլո խոսնակն արձագանքել է
Մոսկվայի և Համայն Ռուսաստանի Կիրիլ Պատրիարքի մամլո քարտուղար Ալեքսանդր քահանա Վոլկովը մեկնաբանել է Պատրիարքի հարցազրույցը, որը հայկական զլմ-ներում լայն արձագանք էր գտել։
Հիշեցնենք, որ Պատրիարք Կիրիլը, խոսելով Սիրիայում և Իրաքում տեղի ունեցող քրիստոնյաների կոտորածներից, պատմության հետ զուգահեռներ էր անցկացրել ու ասել, որ այնպիսի բան, որն այսօր տեղի է ունենում աշխարհում, իսլամական աշխարհում չի եղել:
«Վերցնենք Օսմանյան կայսրության օրինակը։ Այո, այնտեղ ապրում էին քրիստոնյա փոքրամասնություններ, բայց նրանց ոչ ոք չէր ոչնչացնում»,- ասել էր նա։ Սոցկայքերի օգտերերից շատերը այս հայտարարությունը որակել էին իբրեւ Հայոց ցեղասպանության ուրացում։
Ինչպես տեղեկանում ենք Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգ-ի ֆեյսբուքյան էջից,
Ալեքսանդր քահանա Վոլկովը նշել է․
««Ռոսիա» հեռուստաընկերությանը տված իր հարցազրույցում Սրբազան Պատրիարք Կիրիլը խոսել է Սիրիայի եւ Իրաքի քրիստոնյաների սարսափեցնող վիճակի մասին վերջին տարիների ընթացքում։ Այդ կոնտեքստում նա օրինակ է բերել Օսմանյան կայսրության պատմությունից, որտեղ նույնպես շրջաններ են եղել, երբ կարգերի պահպանման շնորհիվ կրոնական փոքրամասնությունների անվտանգությունն ու ստաբիլությունը հարաբերականորեն պահպանվել է։
Իսկ ահա նման կարգերի բացակայությունը միշտ, թե Օսմանյան կայսրությունում 100 տարի առաջ, թե այսօր Իրաքում, Սիրիայում Լիբիայում բերում է իրադարձությունների ողբերգական զարգացման։ Դրա համար ենք մենք ժամանակից իրադարձությունները ցեղասպանություն համարում։
Մեր Եկեղեցու դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ բազմիցս արտահայտվել է Պատրիարքի պաշտոնական հայտարարություններում ու ուղերձներում։ Դրա վառ ապացույցը Ռուս Ուղղափառ եկեղեցու՝ ամենաբարձր մակարդակով մասնակցությունն է Հայ Առաքելական եկեղեցու կյանքի իրադարձություններին՝ Նորին Սրբազանության մասնակցությունը Մոսկվայում հայկական եկեղեցու օծմանը, Ռուսական եկեղեցու պատվիրակության այցը Երեւան՝ մասնակցելու Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին՝ նախորդ տարի։
Ռուսական եկեղեցու դիրքորոշումը անփոփոխ է մնում՝ մենք միշտ բաց ու հասարակայնորեն պնդել ենք այդ դիրքորոշումն ու շարունակելու ենք պնդել միջազգային միջքրիստոնեական եւ միջկրոնական հարթակներում»։