17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ինչո՞ւ Սուրբ Հոգին աղավնու կերպարանքով իջավ

Որովհետև աղավնին զգոն և հանդարտ է, ինչպես և Հոգին, նաև հիշեցնում է հին օրինակը, երբ ամբողջ աշխարհը ծածկված էր ջրով: Այնժամ այս նույն թռչունը բերեց ջրերի հանդարտվելու ավետիսը՝ իր բերանին ունենալով կյանքի առհավատչյան՝ ձիթենու տերևը (տե՜ս Ծննդ. Ը 11): Ավետաբերն ուներ այս աստվածային Աղավնու նմանությունը, Ով, սակայն, փոխանակ ձիթենու տերևի, սուրբ յուղի օծությամբ մարդկային ցեղին բերեց ազատություն ու որդեգրություն Հորը:

Եվ ահա երկնքից մի ձայն ասում է. «Դա՜ է Իմ սիրելի Որդին, որն ունի Իմ ամբողջ բարեհաճությունը» (Մատթ. Գ 17): Մարդկային բնության հույսերից ու արժանավորություններից վեր էր այն ժամանակ հայտնված բարությունը, որովհետև Երրորդության խորհուրդը, որ հավիտյանս ծածկված էր ամենքից, հայտնվեց Հորդանանի վրա՝ վերևից Հոր ձայնով, Որդու մկրտությամբ և Սուրբ Հոգու աղավնակերպ իջմամբ: Եվ ի՞նչ է սա, եթե ոչ նոր արարածների սկիզբ առնելը, ոչ թե երևացող արարածների, այլ մարդկանց աներևույթ հոգիների, և ոչ թե անգոյությունից գոյության բերելով, այլ գոյացածներին և եղածներին մեղքերի ապականությունից վերստին նորոգելով:

Առաջին արարչության ժամանակ բոլոր արարածները Երրորդությամբ գոյացան: Հոր ձայնով գոյացան լույսը և այն ամենը, ինչը եղավ լույսի հետ՝ ըստ այս խոսքի. «Թող լույս լինի» (Ծննդ. Ա 3), իսկ Տիրոջ Խոսքով, ինչպես նաև Հոգով, երկինքը հաստատվեց: Եվ մի Աստվածությունն անէությունից գոյության բերեց բոլոր էություններին, մանավանդ մարդուն, որ Երրորդության պատկերով ստեղծվեց:
Նույնպես և այժմ, Հոր ձայնն իմանալի Լույսի ծագմամբ՝ լսողների հոգում դարձյալ պատկերեց Իր Աստվածությունը, որը եղծվել էր հին Ադամի մեջ: Սակայն ո՜չ բոլորի մեջ պատկերեց, այլ նրանց, ովքեր, ըստ Հոր ձայնի վկայության, դավանում են Քրիստոսին: Իսկ ովքեր, լսելով Հոր ձայնը, սակայն ո՜չ ներքին ականջով, և տեսնելով Հոգուն՝ ո՜չ մտքի տեսողությամբ, չհավատացին Աստծու Որդուն, Ով վկայված էր Հորից և Հոգուց, մնացին նախկին եղծված պատկերով և ապականության մեջ:

Արամ Դիլանյան, հատված՝ «Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տոները» գրքից:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ