Գրիպի և սուր շնչառական վարակների համաճարակ չկա
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հրավիրած խորհրդակցության ժամանակ աշխատանքային խմբի անդամները, ՀՀ ԱՆ գլխավոր մասնագետները, բժշկական կենտրոնների ներկայացուցիչները ներկայացրեցին հանրապետությունում վարակիչ և ոչ վարակիչ հիվանդություններով պայմանավորված իրավիճակը:
Ամենօրյա համայցերի, տեղեկատվության հավաքագրման և համաճարակաբանական վերլուծության արդյունքում մասնագետները փաստեցին, որ հանրապետությունում գրիպի և սուր շնչառական վարակների համաճարակ չկա, արձանագրվում է սեզոնային բնականոն աճ, որը պայմանավորված է եղանակային ջերմաստիճանի կտրուկ իջեցմամբ, ինչպես նաև տոնական օրերին մեծ շփումներով: Սակայն այս ֆոնի վրա դիտվում է թոքաբորբերով դեպքերի ավելացում, ինչն ուշ դիմելիության և ինքնաբուժման հետևանք է:
Այս պահի դրությամբ սուր շնչառական վարակներով և թոքաբորբով հոսպիտալացված 355 հիվանդ բուժում է ստանում հանրապետության բժշկական կենտրոններում, նրանցից 321-ը` 0-18 տարեկան:
Այսօր հանրապետությունում շրջանառում է սեզոնային գրիպի Ա տեսակի N1H1 ենթատեսակը (խոզի գրիպ):
Կարևորելով վերը նշվածը ևս մեկ անգամ կոչ ենք անում բժշկական օգնության դիմել ժամանակին, չզբաղվել ինքնաբուժմամբ, անհարկի չօգտագործել հակաբիոտիկներ, հագնվել եղանակին համահունչ, հնարավության սահմաններում նվազեցնել շփումները հատկապես գրիպանման երևույթներով հիվանդների հետ, պահպանել հազալու և փռշտալու վարվելակարգը:
Նշենք, որ խոցելի խմբերը պատվաստվել են գրիպի նկատմամբ, հանրապետությունն ապահովված է հակավիրուսային դեղերով, որոնք հիվանդներին տրամադրվում են անվճար:
Առանձին դեպքերի վերաբերյալ հանրապետության տարբեր բժշկական կազմակերպություններում հրավիրվում են կոնսիլիումներ և քննարկումներ, ելնելով իրավիճակից` տրվում են համապատախան լուծումներ: