Հույսը սկզբունքային լրագրողներն են
«2015 թվականն սկսվեց ընթացավ ու ավարտվեց հասարակության համար ցնցումներով ու տհաճ իրադարձություններով: Տարին սկսվեց ցավալի իրադարձությամբ՝ Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանությունը ցնցեց մեր ամբողջ հասարակությանը: Այնուհետև, փետրվարին տեղի ունեցած քաղաքական իրադարձությունները հիասթափության մեծ ալիք առաջացրեցին հասարակության մեջ: Հետո տեղի ունեցան Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները, և ապրիլի 24-ի նախաշեմին անհեթեթ հիմնավորումներով ձերբակալվեցին «Հիմնադիր խորհրդարան»-ի ներկայացուցիչերը: Դրանից հետո զանգվածային բողոքի մեծ ալիք բարձրացրեց էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին որոշումը, որը փողոց հանեց մարդկանց»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ամփոփելով անցած 2015 թվականի կարևորագույն իրադարձությունները՝ ասաց «Ազատ լրագրողներ ասոցիացիա» ՀԿ նախագահ Լիլիթ Թադևոսյանը:
Թադևոսյանը արձանագրում է, որ զանգվածային բողոքի ակցիաների ժամանակ քաղաքացիների նկատմամբ բռնի ուժ կիրառվեց, տուժած քաղաքացիների մեջ էին նաև ԶԼՄ-ների բազմաթիվ ներկայացուցիչներ:
Լրագրողը դատապարտում է ԶԼՄ ներկայացուցիչների հանդեպ բռնությունը:
«Այնուհետև, սկսվեցին սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի վերաբերյալ քննարկումները, դրան հաջորդեց քարոզարշավը, իսկ բուն հանարաքվեի օրը դարձյալ տեղի ունեցան կեղծիքներ ու բռնություններ: Իսկ այդ ամենից տուժածների մեջ վստահված անձանցից ու դիտորդներից բացի նաև լրագրողներն էին: Ինչ վերաբերում է մեր հասարակության մեջ սկզբունքային լրագրողի տեղին ու դերին, ապա կարծում եմ, որ այդպիսիք իհարկե շատ չեն, բայց և նրանց առկայությունը շատ կարևոր է: Որովհետև այդպիսի լրագրողների համար որքան էլ ծանր է այսպիսի իշխանության օրոք աշխատել, այդուհանդերձ նրանք շատերի մոտ ընկալվում են որպես իրենց իրավունքների պաշտպան: Այն որ մեր իրավական համակարգը կաղում է, դատարաններում արդարադատություն չի իրականացվում և դրա արդյունքում տուժում են շատ քաղաքացիներ, նրանց միակ հույսը մնում են ազատ, համարձակ ու սկզբունքային լրագրողները, որոնք լուսաբանում են քաղաքացիների խնդիրները, բարձրաձայնում ապօրինությունների մասին: Իհարկե միշտ չի, որ բարձարձայնված հարցերը լուծում են ստանում, սակայն երբեմն դրական փոքրիկ տեղաշարժն անգամ մարդկանց հույս է տալիս: Այո, ես լրագրողական գործունեություն մեջ շատ կարևորում եմ սկզբունքին հավատարիմ մնալու կարողությունը, որովհետև, եթե լրագրողը չունի այդ կարողությունը, ապա նա լրագրող չի: Իհարկե ինչպես բոլոր ոլորտներում կան խնդիրներ, այնպես էլ լրագրողական դաշտում, այսօր իսկապես մարդիկ ունեն հացի խնդիր, բայց եթե դու հայտ ես ներկայացրել լրագրող դառնալու, բնականաբար պետք է գիտակցես, թե արդյոք կարող ես իրականացնել քո այդ դժվարին, վտանգներով լի առաքելությունը, թե ոչ և եթե ընթացքում հասկանում ես, որ չես կարողանում պատվով կատարել այդ աշխատանքը, ապա ավելի լավ կլինի մտածել մասնագիտությունը փոխելու մասին և իրենց պահվածքով չվարկաբեկել իրենց գործն ազնվորեն կատարող մարդկանց»,-բարեմաղթանքների թվում` հորդոր է հնչեցնում Լիլիթ Թադևոսյանը:
«Մեր ասոցիացիայում հավաքված են հենց այդպիսի ազնիվ ու սկզբունքային մարդիկ, որոնք թեև աշխատում են տարբեր ԶԼՄ-ներում, բայց որոշեցինք մեր բոլորի ջանքերը մեկտեղել և ստեղծել մեր լրագրողական հասարակական կազմակերպությունը: Այն դեռ նոր է բացվել և դեռևս աչքի ընկնող գործունեություն չի ծավալել, սակայն ես վստահ եմ, որ այնտեղ հավաքված լրագրողների հետ միասին մենք կկարողանանք իրականացնել մեր առջև դրած նպատակները»,-եզրափակեց Լիլիթ Թադևոսյանը: