23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ո՞ւմ է իրականում խորհրդանշում տոնածառի աստղը

Այսօր Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ ժողովրդի մոտ սովորություն կա տոնական ծառով՝ տոնածառով տունը զարդարել, որով և ազդարարվում է տոների սկիզբը: Մեզ մոտ ընդունված է եղևնի զարդարել:

Տոնական այդ ծառը Դրախտի Կենաց ծառի խորհուրդն ունի, իսկ եղևնու մշտադալարությունը խորհրդանշում է Աստծո անսպառ բարիքները և անհատնում շնորհները:

Քրիստոնյա աշխարհում եղևնին կոչվում է նաև Ծննդյան ծառ, քանի որ խորհրդավորապես կապվում է Կենդանի Կենաց ծառի` Հիսուս Քրիստոսի հետ։ Իսկ տոնածառի գագաթը պսակող աստղը բեթղեհեմյան աստղն է, որն Արևելքից եկած երեք մոգերին առաջնորդում էր դեպի մսուր, ուր պիտի ծնվեր աշխարհի Փրկիչը։ Եվ ինչպես մոգերն ընծաներ բերեցին Հիսուս Մանկանը, այնպես էլ մենք ընծաներ ենք բերում Կենաց ծառին։

Իսկ գույնզգույն լույսերով ողողված եղևնին խորհրդանշում է այն հոգևոր լույսը, որ լուսավորեց մեր Տերը ողջ աշխարհը:

Տոնածառի ծագման և գործածության մասին կան բազմաթիվ առասպելներ, հեքիաթներ և ավանդություններ, որոնցից մեկի համաձայն Գերմանիային է վերագրվում Սբ. Ծննդյան Տոնի ծառի զարդարման ավանդույթի սկիզբը (16-րդ դար): Իսկ Սբ. Ծննդյան Տոնի ծառի մասին ամենահայտնի և ամենագեղեցիկ լեգենդներից մեկը հետևյալն է.

Երբ Բեթղեհեմի քարայրներից մեկում ծնվեց աշխարհի Փրկիչը, ոչ միայն մարդիկ, այլև քարայրը շրջապատող ծառերն ու ծաղիկներն էին յուրովի մասնակցում մեծ խորհրդին: Նրանք ուրախ տարուբերվում էին` ասես խոնարհվելով Օրհնյալ Մանկանը: Բոլորն էլ ցանկանում էին տեսնել նորածին Փրկչին. ծառերն ու թփերը տարածում էին իրենց ճյուղերը, ծաղիկները` բարձրացնում գլուխները` ջանալով տեսնել քարայրի ներսը: Բոլորից երջանիկ էին քարայրի մուտքի մոտ կանգուն երեք ծառերը՝ արմավենին, թթենին ու եղևնին: Երբ շոգն ընկավ, արմավենին պարզեց իր լայն տերևները, որ հով անի Հիսուսին: Թթենին իր տերևները տվեց, որ նրա համար փափուկ անկողին պատրաստեն:

-Իսկ իմ տերևները փշոտ են: Ես ոչինչ չունեմ Մանուկ Հիսուսին տալու,-մտորեց եղևնին ու սկսեց լաց լինել:

Երբ մթնեց, ու երկնքում վառվեցին աստղերը, նրանք որոշեցին օգնել եղևնուն: Կամաց-կամաց աստղիկները ներքև իջան, նստեցին եղևնու ճյուղերին, և նա սկսեց փայլել ու շողշողալ: Երբ փոքրիկ Հիսուսն արթնացավ ու տեսավ փայլփլող ծառը, շատ ուրախացավ: Դա եղավ ամենագեղեցիկ նվերը Հիսուսին:

Այդ օրից սկսած՝ եղևնին դարձավ Ամանորի ծառ, Սուրբ Ծնունդի ծառ:

Նախկինում տոնածառը զարդարվել է զանազան մրգերով՝ խնձորներով, որը խորհրդանշում է պտղաբերություն, ցորենի հասկերով՝ ի նշան առատության, ինչպես նաև լոբու պատիճներով, որոնք ավանդաբար խորհրդանշում են ընտանիքի ամրությունը, քաղցրավենիքով, ընկույզով, կոպեկներով, փոքրիկ քսակներով՝ որպես առատության ու լիության խորհրդանիշ: 18-րդ դարում տոնածառը սկսեցին զարդարել մոմերով, իսկ էլետրականության հայտնագործումից հետո դրանց փոխարինեցին լամպերը: Այսօր տոնածառները զարդարում են տարբեր փայլուն խաղալիքներով, ամանորյա զարդերով:

Սովորաբար ծառը համարվում էր նաև ընտանիքի պտղաբերության խորհրդանիշ: Դեռևս մինչև այսօր գերդաստանի անդամները նշանակվում են ծառի պատկերով և ըստ այնմ կատարվում է նաև ճյուղահամար:

Հնուց ի վեր հայերը եղևնու փոխարեն Ամանորին զարդարել են ձիթապտղի կամ խնկի ծառը: Տանտերերը մի ձիթենու ճյուղ էին կտրում, բերում տուն, այն՝ իբրև կաղանդի ծառ, զարդարում բնական զարդերով՝ կաղիններով ու ընկույզներով: Երեկոյան հաստ ճյուղը խրում էին նախապես թխված մեծ հացի կամ բաղարջի մեջ, իսկ առավոտյան տանում էին եկեղեցի՝ քահանային օրհնել տալու: Հետո բերում էին տուն և ամրացնում գերանին:

Այսպիսով, Կյանքի խորհրդանիշ Սբ. Ծննդյան ծառն ամեն տարի իր խորհրդավորությամբ հիշեցնում է Կենդանի Կենաց ծառի` Հիսուս Քրիստոսի մասին՝ Կյանքը նրանով սկիզբ առավ և կյանքը մարդկանց համար Լույսն է, որ փայլում է խավարի մեջ (Հովհաննես 1:4):

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ