Նախապես են քաշ գցում, որ տոն օրերին կարողանան մի լավ սնվել. սննդաբան
Ինչպես և ամեն տարի, այս տարի ևս ամանորից հետո մարդկանց մեծամասնությունը կբախվի ավելորդ քաշի, մարսողության խանգարման և առողջական այլ խնդիրների հետ: Մարդիկ նույնիսկ փորձում են նախապես քաշ գցել, որ տոնական օրերին կարողանան մի լավ սնվել: Այս մասին այսօր «Հենարան» մամուլի ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց էնդոկրինոլոգ-սննդաբան Հասմիկ Աբովյանը:
«Կան մարդիկ, ովքեր ինչ-որ շորիկ հագնելու համար կամ զուտ այն գիտակցումով, որ շուտով Նոր Տարի է և առատորեն ուտելու են, մի քանի օր չեն սնվում, ինչի հետևանքով օրգանիզմում արդեն իսկ խանգարումներ են սկսվում»,- ասաց սննդաբանը:
Տիկին Աբովյանը շեշտեց նաև, որ Նոր Տարուց հետո առաջ են գալիս այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են մարսողության խանգարումները, թունավորումները, լեղաքարային ցավերը և այլն: «Լինում են նաև դեպքեր, երբ հունվարի 1-2-ին մարդիկ արթնանում են այտուցված: Դա ոչ թե ճարպակալման հետևանք է, այլ` աղի չարաշահման և շատ հեղուկ օգտագործելու: Օրգանիզմը չի հասցնում մարսել ամբողջը և այդպիսի այտուցներ են լինում մեր մարմնի տարբեր մասերին»:
Ասուլիսի մյուս բանախոս Նաիրա Վանյանն էլ աաց, որ մարդիկ Ամանորից հետո խոր ընկճախտի մեջ են ընկնում միայն նրա համար, որ ամանորյա հրաշքի են սպասում, բայց այդ հրաշքին, փոփոխություններին, նորարարություններին չհասնելով` անտրամադիր են դառնում կամ ընկճախտի մեջ ընկնում:
«Սթրեսներից խուսափելու համար յուրքանչյուր մարդ պետք իր զբաղմունքը գտնի: Եթե մեկին հաճույք պատճառում Ամանորն ընկերների հետ տոնելը, ապա մյուսին՝ տանը մնալը: Ուոստի յուրքանչյուրն այդ օրն ինքը կարող որոշել իրեն ինչն է լավ, ինչը՝ վատ»,- եզրափակեց հոգեբանը: