11 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

“Վատ” տղերքով “լավ” տղերքով. Առավոտ

 

 

 

Երեկ հնարավորություն ունեի շփվելու ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանի հետ, եւ այդ շփումը ա] ավելացրեց իմ լավատեսությունը, բ] համոզեց, որ մենք թե քաղաքական, թե տնտեսական, թե մշակութային ոլորտներում առաջ ենք գնալու միմիայն մտածող մարդկանց շնորհիվ: Այդպիսի մարդիկ կան, անշուշտ, նաեւ իշխանական ճամբարում, բայց նրանք փոքրամասնություն են կազմում:

Մեծամասնություն են նրանք, ովքեր ընդհանրապես ունակ չեն մտածելու եւ կարող են միայն փող հաշվել: Կան նաեւ այնպիսիք, որոնք տեսականորեն զուրկ չեն մտածելու ունակությունից, սակայն միտումնավոր մտել են ուղղափառ դոգմատիզմի մեջ, եւ այդ պատյանում իրենց զգում են բոլոր տեսանկյուններից հարմարավետ` “մեր առաջնորդի իմաստուն ղեկավարությամբ” եւ այլն:

Այդ երկրորդ տեսակը գերակշռող է նաեւ ընդդիմության շարքում, եւ այս դեպքում պատճառը ոչ այնքան դոգմատիզմի հարմարավետությունն է, որքան մտքի ծուլությունն ու ինքնուրույնության պակասը: “Քառակուսի” դոգմատիզմն ազատում է որեւէ անձնական պատասխանատվությունից:
Այդ առումով Հրանտ Բագրատյանի` որպես նախագահի ինքնուրույն թեկնածուի առաջադրումը մեկ քայլ առաջ է:

Նա, ինչպես եւ նրա թիմի անդամներն ու նրան սատարողները [այդ թվում` նույն Հովհաննես Իգիթյանը] խոսում են խիստ ընդդիմադիր դիրքերից, բայց զուտ քաղաքական լեզվով` առանց փողոցային “հավելումների”: Գուցե նրանց ասածները զանգվածային էքստազ չեն առաջացնում, որովհետեւ չեն պարունակում բանտ նստեցնելու եւ ունեցվածքը խլելու սպառնալիքներ, որոնք յուղ են լցնում մեր բնակչության մեծ մասի սրտին:

Բայց ակնհայտ է, որ Բագրատյանն իր ծրագրի վրա մտածել է ոչ թե մի քանի ամիս` նախագահ առաջադրվելու նպատակով, այլ մի քանի տարի` մեր երկրի վիճակի դիտարկման, մտահոգության եւ տարբեր երկրների փորձը ուսումնասիրելու հիման վրա:
Որպես դրա հետեւանք` Բագրատյանը ոչ թե առաջարկում է “վատ տղաներին” փոխարինել “լավ տղաներով”, այլ ստեղծել մեխանիզմներ, ինստիտուտներ, որոնք կնպաստեն ժողովրդավարությանը, օրինականությանը եւ տնտեսական առաջընթացին:

Օրինակ` “Երեւանի քաղաքապետը պետք է ընտրվի երեւանցիների կողմից` ուղղակի ընտրությունների միջոցով”:

Կամ` “Առաջին ատյանի բոլոր դատավորներն ընտրվում են ժողովրդի կողմից, իսկ վերաքննիչ, առաջին ատյանի եւ մասնագիտացված դատարանների նախագահներին նշանակում է ՀՀ նախագահը` Սահմանադրությամբ նախատեսված կարգով: Բացի այդ, Հայաստանում ներմուծվում է մրցակցային դատարանի ինստիտուտը”:

Կամ` “Պետական գերակա շահի կամայական կիրարկումն իշխանությունների կողմից պետք է արգելվի: Մասնավոր սեփականության իրավունքի կասեցումը գերակա շահ հասկացության տակ թույլատրելի պետք է լինի միայն այն դեպքում, երբ տվյալ տարածքում [համայնքում] անցկացվել է հանրաքվե”:
Գուցե դրանք իդեալական լուծումներ չեն, բացառված չէ նաեւ, որ շատ սխալ առաջարկներ են: Բայց դրանք հնարավորություն են տալիս մտածելու: Ինչը մեզանում պակասում է:

Արամ Աբրահամյան

 

 

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ