Թուրքական դատարանն Արամ Աթեշյանից գումար շորթելու գործով որոշում է կայացրել
Պոլսի հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանից «Սանասարյան տուն» անվամբ շինությունը պատրիարքարանին վերադարձնելու փաստաթղթային հարցերը կարգավորելու պատրվակով 6.000 թուրքական լիրա շորթման գործով վճիռ է կայացվել, գրում է Ermenihaber.am-ը:
Ըստ թուրքական «Timeturk.com» լրատվական կայքի` Ստամբուլի ծանր հանցագործությունների 16-րդ դատարանում տեղի ունեցած եզրափակիչ դատական նիստին մասնակցել է նաև Արամ Աթեշյանը: Մեղադրյալ Նարգինը, սակայն, նիստին ներկա չի եղել: Նիստի ժամանակ ցուցադրվել է Նարգինի լուսանկարը, ինչից հետո Աթեշյանը հաստատել է, որ լուսանկարում հենց այն անձն է, ում հետ ինքը հանդիպել է ու որին փոխանցել է վերոհիշյալ գումարը: Դատարանը մեղադրյալ Քեմալ Թայֆուն Նարգինին մեղավոր է ճանաչել «կանխամտածված խարդախության» մեջ` դատապարտելով 4 տարվա ազատազրկման և տուգանել 16.000 լիրա:
Մեղադրական եզրակացություն.
«Պոլսի հայոց պատրիարքի ընդհանուր փոխանորդ Արամ Աթեշյանը 2013 թվականին տեղի ունեցած մի հյուրասիրության ընթացքում այն ժամանակվա վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ «Սանասարյան տունը» պատրիարքարանին վերադարձնելու թեմայով զրույց է ունեցել, որի ընթացքում Էրդողանը խոստացել է հնարավորինս անխոչընդոտ պայմաններում կազմակերպել համապատասխան գործընթացը:
Դեպքից 3-4 օր անց Աթեշյանին է զանգահարել Նարգինը և ներկայացել իբրև կառավարությանն առընթեր պետական սեփականության վարչության տեսուչ:
Այնուհետև Նարգինը գնացել է պատրիարքարան, հայտնել, որ «Սանասարյան տան» վերադարձման որոշումն արդեն կայացված է, Աթեշյանին ստորագրել է տվել որոշ փաստաթղթեր և պահանջել ու ստացել 6.000 թուրքական լիրա իբրև փաստաթղթային ծախսեր: Աթեշյանը որոշ ժամանակ անց կառավարությունից հետաքրքրվել է Նարգինի մասին և հասկացել որ խարդախության զոհ է դարձել, ինչից հետո էլ կանխամտածված խարդախության մեղադրանքով դատի տվել վերջինին»: