08 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Արձանագրված ընտրախախտումների առթիվ քրգործեր են հարուցվել

2015թ. դեկտեմբերի 6-ին ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքում թիվ 3 ընտրատարածքի տարբեր տեղամասերում տեղ գտած խախտումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի Քանաքեռ-Զեյթուն  վարչական շրջանի քննչական բաժնում ստացված ահազանգերի հիման վրա նյութերի նախապատրաստման արդյունքում հարուցվել է ևս 3 քրեական գործ՝  տարբեր ընտրատեղամասերում այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքերի առթիվ։ Այս մասին հայտնում է քննչական կամիտեի լրատվական ծառայությունը:

Այսպես՝

1. Hetq.am տեղեկատվական հարթակում դեկտեմբերի 6-ին հրապարակվել է նյութ առ այն, որ  Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի ընթացքում թիվ 03/12 ընտրատեղամասում արձանագրվել է այլ անձի փոխարեն քվեարկելու դեպք։ Ահազանգի հիման վրա Քանաքեռ-Զեյթուն  վարչական շրջանի քննչական բաժնում նյութերի նախապատրաստման ընթացքում  քաղաքացի Ռոզա Սարգսյանը բացատրություն է տվել, որ  բնակվում է ծերանոցում, սակայն գրանցված է հորեղբոր տանը։ Դեկտեմբերի 6-ին ներկայացել է թիվ 03/12 ընտրատեղամաս՝ մասնակցելու քվեարկությանը և պարզել, որ իր փոխարեն արդեն քվեարկել են։ Բացի այդ, պարզել է, որ քվեարկել են նաև իր եղբոր, եղբոր կնոջ և նրանց դստեր փոխարեն, ովքեր շուրջ 4 տարի Հայաստանում չեն բնակվում։

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերն առերևույթ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով։

2. 06.12.15թ. ՀՀ ոստիկանության «Թեժ գիծ» ծառայություն ահազանգ է ստացվել, որ թիվ 03/24 ընտրատեղամասում արձանագրվել է այլ անձի փոխարեն քվեարկելու դեպք։

Ահազանգի հիման վրա Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում նյութերի նախապատրաստման ընթացքում նշված ընտրատարածքի ընտրող Մանվել Թադևոսյանը բացատրություն է տվել, որ դեկտեմբերի 6-ին հանրաքվեին մասնակցելու համար գնացել է թիվ 03/24 ընտրատեղամաս, որտեղ պարզել է, որ իր, մոր և քրոջ փոխարեն արդեն քվեարկել են։ Նկատել է նաև, որ քվեարկել են իրենց հարևանների՝ հայր և դուստր Ալեքսանյանների փոխարեն, ովքեր շուրջ 25 տարի է բացակայում են հանրապետությունից և բնակվում են Շվեդիայում։

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերն առերևույթ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով։

3. Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում ստացվել է asparez.am կայքում տեղադրված հրապարակումն առ այն, որ թիվ 03/02 ընտրատեղամասում արձանագրվել է այլ անձի փոխարեն քվեարկելու դեպք։

Ահազանգի հիման վրա քննչական բաժնում նյութերի նախապատրաստման ընթացքում քաղաքացի Մարիետտա Խաչատրյանը բացատրություն է տվել այն մասին, որ դեկտեմբերի 6-ին գնացել է թիվ 03/02 ընտրատեղամաս՝ մասնակցելու քվեարկությանը և պարզել, որ իր և իր աղջկա փոխարեն արդեն քվեարկել են։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածի հատկանիշներով։

Նշված բոլոր դեպքերով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ միջոցառումներ՝ բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով։

Այսպիսով՝ դեկտեմբերի 16-ի դրությամբ, ՀՀ քննչական  կոմիտեի քննչական տարբեր ստորաբաժանումների վարույթում քննվում է 19 քրեական գործ՝ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքում արձանագրված  ընտրախախտումների վերաբերյալ։

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ