Սխալվելու իրավունք չունենք, սթափություն է պետք. Սերժ Սարգսյան /լրացված/
Քաջարանցի ընտրողների հետ հանդիպմանը Հանրապետության նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը հիշեց Գարեգին Նժդեհի 7 պատգամներից 2-ը:
“Խոսել Սյունիքում և չհիշել Գարեգին Նժդեհի հայտնի 7 պատգամները՝ ուղղված սյունեցիներին, պարզապես անհնար է: Կարծում եմ, դահլիճում կլինեն մարդիկ, ովքեր կհիշեն առաջին պատգամը. “Երբե՛ք առանց Սյունիքի և Արցախի”:
Այս պատգամին հավատարիմ է մեր ողջ ժողովուրդը, և սա “Ապահով Հայաստանի” պարտադիր պայմանն է: Այս պատվիրանը մենք կյանքի ենք կոչել և շարունակում ենք սրբությամբ հետևել դրան: Բայց այսօր, ցավոք, արդիական է հնչում նաև մեծ գործչի 5-րդ պատգամը. “Ո՛չ մի ընչազուրկ քո հողի վրա”:
Այս հարցը, ցավոք, մենք դեռևս չենք լուծել: Մեր հողի վրա դեռ կա աղքատություն, և այդ աղքատությունը կրճատելուն են ուղղված մեր ծրագրերն ու աշխատանքը”,-Սյունիքի մարզում իր նախընտրական քարոզարշավի երկրորդ օրը ընտրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը և հանգամանորեն անդրադարձել իրականացվող սոցիալական քաղաքականությանը, դեռևս առկա խնդիրներին ու դրանց լուծման ուղիներին: Նախագահի թեկնածուն նշել է, որ քարոզարշավի ընթացքում չի պատրաստվում խոսել միայն դրական երևույթների մասին՝ խուսափելով դժվար հարցերից ու խնդիրներից:
“Ես միշտ եղել եմ անկեղծ ու շիտակ այս տարիների ընթացքում, և այլ կերպ գործել չեմ կարող: Աղքատությունը շարունակում է մնալ մեր հասարակության ամենալուրջ խնդիրներից մեկը… Փորձը ցույց տվեց, որ սոսկ նպաստներով, սոցիալական վճարներով ու բարեգործական միջոցառումներով այն լուծել հնարավոր չէ: Մենք պետք է մանրազնին անդրադառնանք և վերացնենք աղքատությունը ծնող պատճառները”,-ասել է Սերժ Սարգսյանը՝ ընդգծելով, որ համոզված է՝ թոշակ և նպաստ պետք է ստանան այն մարդիկ, ովքեր ի վիճակի չեն աշխատելու:
Նախագահի թեկնածուի համոզմամբ, աշխատանքն է աղքատության լուծումը, ուստի, աշխատունակ մարդկանց համար պարզապես անհրաժեշտ է աշխատանքի պայմաններ ստեղծել, որպեսզի իրենք կարողանան իրենց բարեկեցությունն ապահովել:
“Կայուն աճին զուգահեռ մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի երաշխավորենք սոցիալական արդարությունը մեր բոլոր համաքաղաքացիների համար: Դա շատ կարևոր է, որպեսզի մարդիկ կարողանան վստահ լինել ոչ միայն իրենց ներկայի, այլև վաղվա օրվա համար”,-Ագարակում ընտրողներին ասել է Սերժ Սարգսյանը:
Նա ներկայացրել է կենսաթոշակային համակարգում վերջին շրջանում նաև կոշտ քայլերի շնորհիվ իրականացված որոշակի բարեփոխումները և համակարգն ամբողջովին փոխելու առաջիկա ծրագրերը, որի արդյունքում կենսաթոշակների չափերի շարունակական բարձրացումները նույնիսկ ամենացածր կենսաթոշակի պարագայում, Սերժ Սարգսյանի հավաստմամբ, կբավարարեն թոշակառուի կենսական պահանջմունքները:
Առաջինը` “երբեք առանց Սյունիքի եւ Արցախի“ պատգամը, որը նաեւ քաջարանցիների ջանքերով է պահպանվում եւ 5-րդ պատգամը` “ոչ մի ընչազուրկ Հայաստանում”: Ըստ նախագահի թեկնածուի` այս պատգամը դեռ չի կատարվել: Հայաստանում կա աղքատություն: “Սակայն մենք մշակել ենք սոցիալական սխեմաներ, որպեսզի լինի աշխատանք եւ լավ աշխատավարձ”,-ասաց նա:
Քաջարանում առաջին հերթին, հանքարդյունաբերությունից բացի, ուշադրություն է դարձվում բնապահպանական խնդիրներին: Սակայն Սերժ Սարգսյանը դեմ է, որ երբ նոր հանք են շահագործում, աղմուկ են բարձրացնում, առանց պատճառների: “Լավ բան է հանքարդյունաբերությունը, բայց լավ չէ բնությունը փչացնելը եւ առողջությունը քայքայելը: Մենք երբեք չենք հենվելու շահի վրա եւ հարցերը չենք լուծելու` վտանգելով ապագան”,-ասաց Սերժ Սարգսյանը:
Նրա խոսքով` այլեւս ոչ մի սխալ չի ներվելու, եթե անկախության տարիներին աննշան սխալները ներվել են, ապա հիմա սխալների ժամանակը չէ: “Մենք փորձում ենք առաջ գնալ` հաշվի առնելով փորձը: Բայց կան տեղեր, որ մենք ենք առաջինը մտնում եւ նախադեպը մենք ենք ստեղծելու:
Այստեղ է, որ մենք սխալվելու իրավունք չունենք”,-ասաց Սերժ Սարգսյանը` կոչ անելով լինել սթափ, համբերատար եւ հավատալ, որ մեր երկիրը լավն է լինելու: Իր խոսքի վերջում նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանն ասաց, որ ինքն ուզում է ժողովրդի կողմից ընտրված նախագահ լինել: “Բայց կոչ եմ անում ընտրեք այն թեկնածուին, որին ձեր խիղճն է թելադրում: Քաջարանում այսպես հանդիպումը եզրափակեց Սերժ Սարգսյանը: