Իսրայելում ավարտվել են կնեսետի ընտրությունները

Իսրայելի վարչապետ Բենյամին Նետանյահուն խոստացել է ընտրություններից հետո ամենամեծ կառավարող կոալիցիան ստեղծել: Ըստ նախնական տվյալների` նրա ղեկավարած դաշինքը հաղթանակել է կնեսետի ընտրություններում, հաղորդում է “BBC”-ն:
Էքզիթ-փոլերի տվյալներով` նոր օրենսդիր մարմնում այն կստանա 31 մանդատ` գործող խորհրդարանի 42 աթոռների փոխարեն:
Ձախերի “Եշ Ատիդ” կուսակցությունը, ըստ հարցումների, զբաղեցնում է 2-րդ տեղը, 3-րդում` Աշխատանքի կուսակցությունն է: Այժմ վերլուծաբանները կանխատեսում են իսրայելական կառավարության ձեւավորման երկարատեւ եւ բարդ բանակցություններ: Չի բացառվում այն տարբերակը, որ Նետանյահուի բլոկը կհայտնվի ընդդիմությունում:
Ընդհանուր առմամբ` խորհրդարանական ընտրություններին մասնակցել է 32 կուսակցություն: 120 պատգամավորական աթոռները կբաժանվեն նրանց միջեւ, ովքեր կհավաքեն 2 տոկոսից ավել: Ձայների վերջնական հաշվարկը կավարտվի այսօր, իսկ արդյունքների պաշտոնական ամփոփումը սպասվում է հունվարի 30-ին: