24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ինչու է անհրաժեշտ երեխաներին մկրտելը

Բողոքականները մանուկներին չեն մկրտում՝ հիմք ընդունելով մկրտվելուց առաջ հավատ ունենալու անհրաժեշտությունը՝ ըստ Տիրոջ հետևյալ խոսքի. «Ով հավատա և մկրտվի, կփրկվի» (Մարկ. ԺԶ 16), և հիմնվելով այն փաստի վրա, որ մանուկը չի հասկանում, թե մկրտության ժամանակ ինչ է կատարվում։ Ուստի նրանք բացականչում են. «Ինչպե՞ս կարող է մկրտություն կատարվել առանց հավատի կամ ըմբռնման»։
Սակայն մենք պնդում ենք մանկամկրտությունը՝ հետևյալ պատճառներով.
ա) Մենք մտահոգ ենք մանուկների հավիտենական կյանքի համար, որովհետև Տերն ասում է. «Եթե մեկը չծնվի ջրից ու Հոգուց, չի կարող մտնել Աստծո արքայություն» (Հովհ. Գ 5)։ Ուրեմն ինչպե՞ս կարող ենք արգելել երեխաներին մկրտվել և հանձնել նրանց Աստծո դատաստանին, եթե վերոհիշյալ խոսքն ասելիս Տերը չբացառեց մանուկներին։
բ) Մկրտության միջոցով մենք մանուկներին հնարավորություն ենք տալիս ապրելու Եկեղեցու կյանքով և վայելելու եկեղեցական խորհուրդները՝ իրենց բոլոր ներգործություններով հանդերձ, ինչպես նաև ընդունելու աստվածային շնորհի ներգործությունն իրենց կյանքում։ Այս կերպ մենք գործնականորեն պատրաստում ենք մանուկներին հավատքի կյանքին։ Եթե մենք նրանց հանենք Եկեղեցու անդամակցությունից, կզրկենք հավատքից և այն միջոցներից, որոնցով շնորհը գործում է։
գ) Տիրոջ խոսքը՝ «Ով հավատա և մկրտվի, կփրկվի», վերաբերում է մեծահասակներին, ովքեր ընդունակ են ըմբռնելու հավատքի նշանակությունը։ Հետևաբար մենք չենք կարող մկրտել մեծահասակներին, քանի դեռ նրանք չեն հավատում՝ ըստ Տիրոջ խոսքի (Մարկ. ԺԶ 16)։ Իսկ ինչ վերաբերում է մանուկներին, նրանց համար ասված է Տիրոջ հետևյալ խոսքը. «Թույլ տվեք և մի՛ արգելեք մանուկներին Ինձ մոտ գալ, քանզի այդպիսիներինն է երկնքի արքայությունը» (Մատթ. ԺԹ 14)։
դ) Ինչ վերաբերում է հավատալու պարագային, ոչինչ չի խանգարում, որ մանուկները հավատն ընդունեն։ Նրանց հատուկ չեն մեծահասակների կասկածները, հարցաքննությունները և պատճառաբանությունները։ Ուստի պատճառ չկա, որ Երկնքի արքայության մաս կազմելուց նրանց զրկենք։ Նրանց մկրտելը համաձայն է «Ազատ փրկության» սկզբունքին, որին հավատում և որը մեծապես քարոզում են բողոքականները։
ե) Եթե մենք ծայրահեղորեն ընդունենք հավատն իբրև նախապայման, մկրտությունից պիտի զրկենք նաև շատ մեծահասակների, ովքեր մտավոր այնքան կարողություն կամ հասունություն չունեն՝ ըմբռնելու հավատքին վերաբերող սկզբունքներն ու խորությունները, ինչպես շատ հասարակ գյուղացիներ, բանվորներ, անգրագետներ, թերի կրթություն ունեցողներ և նրանք, ովքեր խիստ սահմանափակ մտավոր կարողություն ունեն՝ մտնելու աստվածաբանական խնդիրների խորքը։ Ո՞րը պետք է լինի այսպիսի անձանց հավատի ընդունելի չափը։ Մենք պետք է մկրտությունից նրանց զրկենք, ինչպես մանուկների՞ն։
զ) Ոմանք հարցնում են. «Իսկ ի՞նչ կարող է պատահել, եթե մանուկը մեծանալով մերժի հավատքը»։ Նա կլինի ինչպես հավատուրացը։ Նա իր ազատ կամքով կարող է մերժել մկրտության ժամանակ իր ընդունած շնորհը։ Սակայն մենք պիտի կատարեինք նրա հանդեպ մեր պարտքը։ Նա կլինի ինչպես մեկը, ով Սուրբ Հոգով սկսելով՝ այժմ փորձում է ավարտել մարմնով (տես Գաղ. Գ 3)։
Սակայն ավելի հավանական է, որ Եկեղեցում մկրտված և նրանում կենցաղավարող մանուկները, որ վայելում են նրա շնորհառիթ միջոցները, խեղման վտանգին նվազ ենթակա լինեն, քան նրանք, որ մինչև չափահաս դառնալը մնացել են առանց մկրտության։
է) Մանկամկրտություն մերժողները փաստորեն մերժում են փրկության համար մկրտության անհրաժեշտությունը (Մարկ. ԺԶ 16). որովհետև եթե նրանք իրապես հավատում են փրկության համար մկրտության անհրաժեշտությանը, ապա վտանգավոր է մանուկներին փրկությունից զրկելը։ Քանի որ բողոքականները պնդում են, որ հավատը փրկության պայման է, իսկ մանուկները հավատ չունեն, ապա, ըստ նրանց, ի՞նչ է սպասում չմկրտված և անհավատ մանուկներին. պիտի փրկվե՞ն, արդյոք, առանց մկրտության։ Հարցը մնում է անպատասխան։
ը) Մենք մանուկներին մկրտում ենք, որովհետև Սուրբ Գիրքն է այս մասին պարզորոշ վկայություններ բերում, երբ հիշատակում է ամբողջական ընտանիքների մկրտության մասին կամ մեկ անձի՝ իր ողջ ընտանիքով. անմտություն կլիներ մտածել, թե այդ բոլոր ընտանիքներում մանուկներ չկային։
Բազմաթիվ օրինակներից բերենք մի քանիսը։
1) Փիլիպպուսի բանտապետին մկրտելիս ս. Պողոսն ու ս. Շիղան ասացին նրան. «Հավատա՛ Տեր Հիսուս Քրիստոսին, և կփրկվեք դու և քո ամբողջ տունը» (Գործք ԺԶ 31)։ Սա նշանակում է, որ բանտապետի հավատը պիտի լիներ նրա ամբողջ ընտանիքը դեպի փրկություն տանող առաջին քայլը։ Ահա թե ինչու դրանից անմիջապես հետո ասվում է. «Եվ Աստծո խոսքը պատմեցին նրան և նրա տանը գտնվող բոլոր անձանց», և այնուհետև «գիշերվա նույն ժամին…. անմիջապես մկրտվեցին նա և նրա ամբողջ ընտանիքը» (Գործք ԺԶ 32, 33)։
«Նա և նրա ամբողջ ընտանիքը» խոսքը, առանց որևէ բացառության նշման, ցույց է տալիս, որ մանուկները նույնպես մկրտվել են։
2) Ծիրանավաճառ Լիդիայի մկրտության մասին ասված է. «Մկրտվեցին նա և նրա ընտանիքը» (Գործք ԺԶ 15)։
3) Պողոս առաքյալն ասում է. «Մկրտեցի նաև Ստեփանոսի ընտանիքին» (Ա Կոր. Ա 16)։
Կարո՞ղ էին, արդյոք, այս բոլոր ընտանիքներն առանց մանուկների լինել։
4) Սուրբ Գիրքը չի նշում, թե Հոգեգալստյան օրը մկրտվածների մեջ մանուկներ չկային։
թ) Մանկամկրտությունը կիրառվել է հին ժամանակներից ի վեր. ինչպես հայտնի է Օգոստինոսի և Հերոնիմոսի միջև եղած տարաձայնությունից՝ հոգու ծագման վերաբերյալ, թե այն ծնվո՞ւմ է, թե ստեղծվում, Օգոստինոսն ասում էր, որ այն ծնվում է մարդու հետ, իսկ Հերոնիմոսը՝ թե ստեղծվում է։ Օգոստինոսը հարցնում է. «Եթե հոգին ստեղծվում է, ապա չի ժառանգում ադամական մեղքը։ Ուրեմն ինչո՞ւ ենք մկրտում մանուկներին»։ Հերոնիմոսը չի կարողանում այս հարցին պատասխանել։
ժ) Սուրբ Գրքում չկա որևէ համար, որ արգելի մանկամկրտությունը։
ժա) Ինչ վերաբերում է հավատի պարագային, մանուկը մկրտվում է իր ծնողների հավատով։ Սա սկզբունքորեն ունի շատ օրինակներ Սուրբ Գրքում։
1) Ինչպես արդեն նշել ենք, թլփատությունը խորհրդանշում էր մկրտությունը։ Թլփատվածը համարվում էր Աստծո ժողովրդի անդամ՝ ըստ Աստծո և Աբրահամի միջև կնքված ուխտի (Ծննդ. Ժէ 11)։ Թլփատությունը սովորաբար կատարվում էր ծննդից հետո ութերորդ օրը՝ ըստ Աստծո հրամանի (Ծննդ. ԺԷ 12)։ Ութ օրական մանուկն ի՞նչ կարող էր հասկանալ Աստծո և Աբրահամի միջև կնքված ուխտից։
Որքանո՞վ էր նա տեղյակ Աստծո ժողովրդին անդամակցելու իրողությանը։ Անկասկած, նա այս մասին բնավ հասկացողություն չուներ, այլ թլփատվում էր այդ ուխտի հանդեպ իր ծնողների հավատով։ Իր ծնողների հավատով նա դառնում էր Աստծո ժողովրդի անդամ և կրողն այն խոստումների, որոնք Աստված տվեց մեր հայր Աբրահամին։
2) Կարմիր ծովով անցումը մկրտության մի խորհրդանիշ էր կամ հենց մկրտություն, ինչպես Պողոս առաքյալն է բացատրում (Ա Կոր. Ժ 2)։ Դա փրկություն էր փարավոնի ծառայությունից՝ որպես խորհրդանիշ մեղքի, սատանայի և մահվան ծառայությունից փրկության։ Կարմիր ծովն անցան մեծահասակները, ովքեր գիտեին Աստծո՝ Մովսես մարգարեին տված խոստման մասին. նրանք գիտեին, թե ինչպիսին էր իրենց ստրկությունը փարավոնին և թե ինչպես Աստծո զորեղ ձեռքով փրկվեցին դրանից՝ անցնելով Կարմիր ծովը (մկրտվելով)։ Սակայն ի՞նչ կարելի է ասել ծովը կտրող մայրերի և հայրերի գրկին գտնվող մանուկների մասին։
Անշո՛ւշտ նրանք ծառայությունից փրկվեցին ու մկրտվեցին, սակայն իրենց ծնողների հավատով, քանի որ իրենք չէին հասկանում, թե ինչ էր տեղի ունենում։
3) Մեկ այլ լավ օրինակ է մանուկների փրկությունը զատկական գառան արյամբ, հրեշտակի ձեռքով, ով սպանեց եգիպտացի բոլոր արու անդրանիկներին։ Տերը հրամայեց Մովսեսին մորթել մեկ տարեկան և արատ չունեցող արու այծ կամ գառ և դրա արյունը քսել հրեաների դռների սեմերին և փարավորին՝ ասելով. « Երբ արյունը տեսնեմ, ձեզ կփրկեմ» (Ելք ԺԲ 13)։ Զատկական գառան արյունը խորհրդանշում էր Տեր Հիսուս Քրիստոսի արյունը, որով մենք փրկություն ընդունեցինք, ինչպես Պողոս առաքյալն է ասում. «Քանզի մեր Զատիկը՝ Քրիստոսը, մորթվեց» (Ա Կոր. Ե 7)։
Եվ այժմ հարցնում ենք. ո՞րն էր զատկական գառան արյամբ փրկված մանուկների հավատը։ Ի՞նչ գիտեին նրանք Աստծո և Մովսեսի միջև եղած ուխտի կամ Զատկի ու զատկական գառան արյան միջոցով փրկվելու մասին։ Անտարակույս, նրանք ոչինչ էլ չգիտեին, բայց փրկվեցին իրենց ծնողների հավատով, ովքեր հավատացին զատկական գառան արյանը, նրա ազդեցությանն ու կարևորությանը մահվանից փրկվելու համար։
Թլփատությամբ, զատկական գառան արյամբ և Կարմիր ծովով անցմամբ փրկված այս մանուկներն այս ամենի նշանակությունն իմանում էին ավելի ուշ, երբ մեծանում էին։ Իրենց մանուկ տարիքում նրանք ազատորեն ընդունել էին փրկություն՝ իրենց ծնողների հավատով, ովքեր հավատացել էին Աստծո խոստումներին և մարդկանց հետ կնքած ուխտերին։ Իսկ մեծանալով՝ նրանք այս հավատն ընդունում էին արդեն գործնականապես։
Աղբյուրը՝ ter-hambardzum.net

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ