Թուրքիային ահաբեկչական երկիր հռչակելու առաջարկով ԱՄՆ-ում ստորագրահավաք է սկսվել
ԱՄՆ-ում Թուրքիայի դեմ ուղղված ստորագրահավաք է սկսվել: Թուրքալեզու «amerikaninsesi.com» լրատվակայքի տեղեկացմամբ՝ «Նախագահ Էրդողանի ղեկավարած Թուրքիան պետք է հռչակվի որպես ահաբեկչությանն աջակցող պետություն և պետք է վերջ դրվի Ամերիկայի հետ դաշնակցությանը» վերնագրով ստորագրահավաքը մեկնարկել է Սպիտակ տան պաշտոնական կայքէջում, գրում է Ermenihaber.am-ը:
Ըստ աղբյուրի՝ Սպիտակ տան կողմից պատասխանի արժանանալու համար նմանատիպ դիմումները սովորաբար պետք է 30 օրում 100.000 ստորագրություն հավաքեն:
«Whitehouse.gov» կայքում տեղ գտած դիմումի տեքստը հետևյալ բովանդակությունն ունի.
«Սիրիայում ԻՊ-ի (İŞİD-«Իսլամական պետություն») թիրախները ռմբակոծող ռուսական ինքնաթիռի՝ Թուրքիայի կողմից խոցվելուց հետո անհնար է հերքել այն փաստը, որ նախագահ Էրդողանը աջակցում է Սիրիայի ջիհադական ահաբեկիչներին: ԻՊ-ը Թուրքիայի տարածքով նավթ է վաճառում, ԻՊ-ի և Ալ-Քաիդեի ահաբեկիչները և այլ ջիհադական խմբեր ելումուտ են անում թուրքական սահմանով:
Թուրքիան նախկինում էլ աջակցել է Բոսնիայում, Չեչնիայում, Պաղեստինում, Վրաստանում, Եգիպտոսում և Չինաստանում գործող ահաբեկչական խմբերին,իր հարևանների դեմ (Կիպրոսում զինվորներ տեղակայելով, Հունաստանի օդային սահմանը խախտելով, Հայաստանը շրջափակման մեջ պահելով) ագրեսիվ պահվածք է դրսևորել, ցեղասպանության է ենթարկել հայերին, հույներին, ասորիներին: Այս պատճառներից ելնելով՝ Թուրքիան պետք է հայտարարվի ահաբեկչությանն աջակցող պետություն և պետք է վերջ դրվի ՆԱՏՕ-ի շրջանակներում Թուրքիա-Ամերիկա դաշնակցությանը»: