27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

՛՛Իմ գլխին սարքել են…՛՛. բաց նամակ Գագիկ Ծառուկյանին

Հարգելի պարոն Ծառուկյան, ես` Գրիգոր Առաքելյանս, հանդիսանալով ԲՀԿ համամասնական ցուցակի 85-րդ համարը, հայտնվել եմ ծայրահեղ ծանր վիճակում, քանի որ այնպես ստացվեց, որ անհնար դարձավ այս խնդրի մասին Ձեզ անձամբ ասելը և որոշեցի բաց նամակ գրել: Ես գիտեմ, որ Դուք շատ էիք վստահում ինձ և անձնական համակրանք եք տածել իմ հանդեպ: Իմ միջնորդությամբ շատ լավ աշխատանքներ եք կատարել: Դրանցից կառանձնացնեի երկուսը` առաջինը, որ կառուցվող եկեղեցու շինարարությանը մեծ աջակցություն եք ցուցաբերել, իսկ երկրորդը` հիվանդին վիրահատման համար ֆինանսական աջակցություն եք ցուցաբերել, չնայած հիվանդի վիրահատության օրերին բացակայել եք հանրապետությունից:

Դուք Ձեր խոսքի համեմատ վիրահատությունից հետո շատ մեծ աջակցություն ցուցաբերեցիք անապահով ընտանիքին: Այս և մնացած այլ բարի գործերի համար ցանկանում եմ իմ և իմ թիմակիցների կողմից շնորհակալություն հայտնել Ձեզ: 

Այս ամենը տեսնելով՝ որոշ մարդիկ շատ նախանձեցին և որոշեցին իմ «գլխին սարքել» «մուտիլովկայի» միջոցով ինձ ներկայացնել Ձեր աչքերում որպես ստախոս և անպատասխանատու երիտասարդ: Եվ նրանց մոտ դա ստացվեց, նրանք լավ տեսնում էին, որ ես հասարակ ընտանիքից, հասարակ տղա եմ, որը աչքի չի ընկնում ֆինանսական կարողություններով և «մեծ թիկունքով» և նաև ոչ մի գաղափար չունի ընտրությունների կազմակերպման «թղթաբանական» նրբություններից:

Որոշեցին ինձ անմարդկային գործը անել, մասնավորապես վարկաբեկել մի երիտասարդի, որը ուներ իր սեփական բիզնեսը, որով նորմալ պահում էր իր ընտանիքը: Ես ունեմ 7 տարեկան դուստր և ապրում եմ կնոջս և մայրիկիս հետ, որովհետև շատ վաղ տարիքում կորցրել եմ հայրիկիս: Ամեն ինչ իմ կյանքում նորմալ էր, մինչև որ չար ու նախանձ մարդիկ չիրականացրին իրենց սատանայական գործը: Այժմ ուզում եմ մանրամասն ներկայացնել, թե ինչպես դա նրանց հաջողվեց: 

Լավ դիմավորելով և իմ գլխին «փափուկ» բարձ դնելով՝ նրանք առաջարկեցին միասին աշխատել և մի քանի մեծահասակ կին կցելով մեր թիմին օգնելու նպատակով և պատճառաբանելով, եթե այդպես չանեն կնեղանան և գեղեցիկ չի ստացվի: Ես մեծ սիրով համաձայնեցի, ներքին պայմանավորվածություն կար, որ X օրվանից սկսում ենք գրանցել մեր պոտենցիալ ընտրողներին, այս կանացից ոմանք դիտավորյալ ժամանակից շուտ մեր կատարած աշխատանքը Ձեզ ներկայացրին, իբր իրենց աշխատանքն է X օրվանից առաջ:

X մարդը, որի անունը չեմ ուզում հրապարակել, որովհետև դաստիարակված եմ Աստվածաշնչով և չարին չարով չեմ ուզում պատասխանել: Ես «շուստրի» եմ երևում իմ ցածրահասակ լինելու պատճառով, բայց իրականում բավականին անկեղծ եմ և այս պարագայում միամիտ գտնվեցի: Դուք դա ինքներդ նամակի շարունակության մեջ կհամոզվեք, պրն Ծառուկյան:
Տեսեք, թե ինչ է սովորեցնում X մարդը մեր թիմին` տեսնելով, որ սարսափելի անփորձ ենք: Ստորև ցիտում եմ նրա խոսքերը. «Տղերք ջան, եթե ուզում եք «ռեզուլտատ» լինի, ամենաքիչը պիտի մեկ ընտրատեղամասում 20 հոգի ակտիվիստ ներկայացնեք, որ մնացած ծախսերն էլ կարողանաք անեք»: Դա ասել է մեր թիմի ներկայությամբ և կարող ենք ցանկացած պահի ապացուցել: 
Իսկ մենք` «էշ-էշ» նստած ման էինք գալիս, որ 360 հոգու անուն ներկայացնենք, որպեսզի մարդիկ իրենց օրենքով սահմանված աշխատավարձները ստանան: Ես, հանդիսանալով Մալաթիայում 17 ընտրատեղամասի պատասխանատու, որն իր հերթին համարվում է ՀՀ ամենաբարդ ընտրատարածքը, թե ինչու` բոլորին դա քաջ հայտնի է: Այսինքն՝ դրանով նրանք կարողացան Ձեր աչքին ցույց տալ, թե իբր ես ստախոս եմ: 

Ես, ինչպես մեր քաղաքի շատ երիտասարդներ` սիրում եմ հաճախել տարբեր ակումբներ, նրանք, իմանալով դա, Ձեզ ներկայացրին, թե իբր ես ամեն օր թրև եմ գալիս ակումբներում և ավելորդ բաներ եմ թույլ տալիս ինձ, բայց բոլորը, ովքեր ճանաչում են ինձ, գիտեն, որ ես ամենասովորական երիտասարդից ոչ մի առավելություն չունեմ և ոչ մի անշնորք արարք թույլ չեմ տվել ինձ: 

Ակումբներ հաճախող երիտասարդները, ովքեր ինձ ճանաչում են, միշտ ինձ տեսնելով ընկերաբար գրկում և համբուրում էին ինձ և հյուրասիրում: Բոլորիս հայտնի է, երբ մեկի մասին միշտ վատ բաներ են ասում, ինքնաբերաբար մարդը սկսում է հիասթափվել:

Եվ այդպես էլ եղավ, երբ Դուք ավագ ընկերոջ պես բացատրեցիք ինձ` ես հասկացա, և որոշեցի չասել Ձեզ, որ իմ «գլխին սարքել» են, մտածելով, որ Դուք հնարավոր չէ, որ ինձ չհավատաք, որովհետև իմ արածը ոչ թե խարդախություն էր, այլ ապուշություն: Եվ Դուք ասացիք, որ մեր արածը միամտություն է, երբ մենք նորմալ ներկայացրինք մեր ցուցակը, Ձեզ ասացինք, թե իբր նորմալ չէ: Մեր ներկայությամբ ստուգվեց և պարզ դարձավ, որ շատ էլ նորմալ էր, երբ հասկացանք, որ իրենք իրենց ուզածին հասել են, և իմ խոսքը Ձեզ մոտ այլևս ոչ մի արժեք չունի, հետևաբար մարդիկ իրենց աշխատավարձերը չեն ստանալու մենք մտածեցինք, երբ պայմանավորվածության համաձայն Դուք գաք Մալաթիա, մենք Ձեզ ցույց կտանք մեր կատարած աշխատանքները, բայց երբ չեկաք, ես հայտնվեցի խայտառակ վիճակում: 

Մենք ուզում էինք քարոզարշավի օրերին գալ Մեղրի Ձեզ տեսնելու նպատակով, սակայն դա էլ չստացվեց: Արդյունքում վերջնական որոշում կայացվեց մեր կատարած աշխատանքը ջուրը չգցելու և Ձեզ ապացուցելու, որ մենք ստախոս չենք: 

Որոշեցինք մեր անձնական համեստ միջոցներով աշխատավարձեր տալ Ձեր անունից: Տվեցինք նրանց, ովքեր մեր ընկերները չէին, և նաև կանանց: Մեր սուղ միջոցներով պարտք անելով կարողացանք 5 մլն դրամ հայթհայթել, որպեսզի թիմը չքայքայվի: 1,5 մլն Թթաստանի շտաբի համար, 1,5 մլն Ա1 թաղամասի, 1 մլն Մալաթիայի 8-ի 0,5,0,6, 0,7 և 1մլն 8-ի 25, 26: 

Արդյունքում Ձեր բարձր վարկանիշի շնորհիվ և մեր անձնուրաց բառիս բուն իմաստով աշխատանքի շնորհիվ մեզ վստահեցին 3367 մարդ` 17 ընտրատեղամասերում: Շուրջ 200 հոգի մեկ ընտրատեղամասում, այդքան կարողացան մեր համեստ միջոցներով: 

Քանի որ մեզանից ոչ ոք ֆինանսական միջոցներ չուներ, ստիպված եղա տունս գրավ դնել և «Յունիբանկից» 5 մլն վարկ վերցնել, քանի որ համարվում էի այդ բանկի լավագույն և պարտաճանաչ հաճախորդներից մեկը: 

Ընտրությունների մեջ շատ ընկղմելու պատճառով և իմ մեծամտության պատճառով աչքաթող էի արել իմ անձնական բիզնեսը և կորցրի նաև դա, իմ ընտանիքում գրավ դնելու պատճառով վիճաբանություն տեղի ունեցավ, երեխային վերցրեց և հեռացավ ինձանից: Մեր թաղամասի շատ մարդիկ թշնամացան ինձ հետ և Փառք Աստծո, որ այնպես ստացվեց, որ պատահական հանդիպում տեղի չունեցավ, թե որոշ ԲՀԿ-ր, թե մյուս հակառակորդ կուսակցություններից որոշ մարդիկ անձնապես ինձ ատում էին, բայց ընտրություններից հետո որոշները ինձ շատ լավ վերաբերվեցին, տեսնելով իմ ցավը՝ հոգեբանորեն իրենց աջակցությունն առաջարկեցին և նույնիսկ պաշտոն, որովհետև տեսան իմ հավատարմությունը և աշխատասիրությունը, բայց ես հրաժարվեցի, չնայած որ չէի կարողանում վարկս փակել: Ես որոշեցի աշխատել և ինքս փակել, սակայն «տակ տվեցի», պարտքերս շատացան, որոշեցի գնալ Մոսկվա` արտագնա աշխատանքի և պատահական Ձեզ հյուրանոցի մեջ տեսա (Ararat Հայատի). ընկերս այդ հյուրանոցում էր մնում, այդ իսկ պատճառով այդ օրը ես այդտեղ էի:

Ես Ձեզանից մի փոքր այն կողմ նստած էի, բայց չմոտեցա, որովհետև հույս ունեի, որ կաշխատեի և ինքս կփակեի, սակայն ոչինչ չստացվեց, որովհետև հենց այնպես առանց միջնորդության էի գնացել և մի երկու անգործ մնալով, ստիպված վերադարձա, որովհետև մնալու տեղ անգամ չունեի: 

Չունենալով աշխատանք՝ Աստծո օգնությամբ և ընկերների աջակցությամբ մի կերպ կարողացել եմ փակել ամսավճարումները, բայց էլ չեմ կարողանում, ես հայտվել եմ անմարդկային ծանր վիճակում, բոլոր պարտքով վերցրած գումարը վարկի միջոցով տվեցի, այժմ այդ բոլոր պարտքերը մնացել են «իմ ուսերին»: Լսեցի, թե իմ կուսակցան այն անձինք, ովքեր իմ «գլխին սարքել» էին իմանալով իմ վիճակի մասին, ինչպես են հրճվում և բարձրաձայնում. «Թե տեսաք Գրիգորին ինչ օրը քցին, վեր-վեր էր թռնում»: Եվ դա ասում է մեծահասակ կին, որը երեխա ունի, և նա ուրախանում է մի հայ երիտասարդի ընտանիքի կործանման վրա: Ես կորցրի ամեն ինչ և շուտով կհայտնվեմ փողոցում և շուտով ստիպված կլինեմ բռնել արտագաղթի ճամփան:
Փառք Աստծո, կինս ներեց ինձ, և այժմ մենք միասին ենք:

Պրն Ծառուկյան, նրանք շատ կուզենային, որ ես Ձեր մասին վատ բաներ գրեի, բայց չեմ գրի, որովհետև Դուք բացի լավից իմ հանդեպ վատ բան չեք արել, այլ հակառակը, բոլորը գիտեն, որ ես ոչ ոքից չեմ վախեցել և չեմ վախենում: Եվ իմ ամբողջ կյանքի ընթացքում դա ապացուցել եմ: 
Աստծուն աղոթում եմ իմ «գլխին սարքողների» և ինձ վատություն անողների համար, որովհետև ՆՐԱ հարվածը չի ուշանալու, և Նրա հարվածից ոչ ոք չի կարող խուսափել, ոչ փողը, ոչ կեղծավորությունը, ոչ էլ թիկունքը չեն կարող նրանց փրկել: Ես դա լավ գիտեմ, որովհետև մանկուց մեծացել եմ հոգևոր ընտանիքում և Աստծո հոգով մկրտված: Ես բացի ինձանից ոչ ոքի չեմ մեղադրում, որովհետև եթե մեղադրեմ, ուրեմն ինքս ինձ արդար եմ համարում, բայց արդար բացի Աստծուց մեկը չկա այս աշխարհում: 

Ես կխնդրեմ չհարցնել ինձանից այդ մարդկանց անունները, չնայած մտածում եմ, որ վախից իրենք իրենց կմատնեն: Այս խնդրի մասին գիտեին Մալաթիայի ԲՀԿ խորհրդի նախագահ Հակոբ Նազարյանը, Երիտթևի նախագահ Վահե Էնֆիաջյանը, ԲՀԿ շտաբի պետ Վարդան Վարդանյանը, կանանց խորհրդի անդամ Թամար Պողոսյանը, Մուլտիգրուպի նախագահ Սեդրակ Առուստամյանը, այնուհետև զանգել և գրել եմ Ձեր ձեռքի համարին, և նաև պրն Առուստամյանին էլ, բայց նորից ցրվել է: Դրա համար ստիպված որոշեցի բաց նամակ գրել: Ես անոթի և ծարավ եմ արդարության: 

Ես ոչ թե հավատում եմ, որ չգիտեք այս մասին, այլ համոզված եմ: Շուտով ես Հայաստանում չեմ լինի, դրա համար մաղթում եմ Ձեզ թող հայ Աստծո սերը, մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը և Սուրբ հոգու հաղորդությունը Ձեր բոլորի հետ լինի:

Գրիգոր Առաքելյան 
ԲՀԿ համամասնական ցուցակի 85 համար

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ