Գլխավոր դատախազի «տեղակալը» հափշտակել է խոշոր չափերով գումարներ. Ժամանակ
Օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի նախաքննության նպատակով ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Հովիկ Բաբայանը, տարբեր պաշտոնատար անձանց անունից հանդես գալու և իրավաբանի մասնագիտական հմտություններն օգտագործելով, նախնական համաձայնության է եկել Գարիկ Ալեքսանյանի հետ՝ ծանոթների շրջանում իրեն որպես ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ ներկայացնելու և այդ հանգամանքը շահարկելով՝ քրեական գործերով տարբեր անձանց օգտին գործողություններ կատարելու պատրվակով, խարդախությամբ գումարներ հափշտակելու շուրջ:
Ինչպես տեղեկացրին ՀՔԾ լրատվական ծառայությունից, 2015թ. հունվարին Հ. Բաբայանը Գ. Ալեքսանյանի միջոցով ծանոթացել է փաստաբան Եղիկ Եփրեմյանի հետ և ներկայացել է որպես ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, ապա անձամբ պարբերաբար հեռախոսազրույցներ է ունեցել վերջինիս հետ: Փաստաբանը համոզվել է, որ «ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի» կողմից ընդունված անձնավորություն է ու ցանկացած հարցով կարող է ակնկալել նրա աջակցությունը, այդ թվում՝ քրեական գործերի ընթացքին միջամտելու և իրեն ցանկալի լուծում տալու հարցում:
Նշված ժամանակահատվածում Եղիկ Եփրեմյանի ծանոթ Թաժդին Ավդալյանի վերաբերյալ քննվել է քրեական գործ, որի մասին տեղեկանալով` Ե. Եփրեմյանը Թ. Ավդալյանին հայտնել է, որ ինքը մտերիմ է «ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի» հետ: Թ. Ավդալյանը փաստաբանին տեղեկացրել է, որ պատրաստակամ է «ՀՀ գլխավոր դատախազի տեղակալին» կաշառք տալ, որպեսզի նա իր վերաբերյալ քննվող քրեական գործի ընթացքը լուծի հօգուտ իրեն:
Նյութական շահ ստանալու ակնկալիքով, 2015թ. հունվարին Ե. Եփրեմյանը ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ ներկայացած Հ. Բաբայանին խնդրել է միջամտել Թ. Ավդալյանի վերաբերյալ քննվող քրեական գործի քննությանը և գործի ընթացքը լուծել հօգուտ վերջինիս: Առաջարկի մասին լսելով՝ Հ. Բաբայանը և Գ. Ալեքսանյանը, խմբով ընդունել են Ե. Եփրեմյանի առաջարկը: Վերջինս ստանձնել է կաշառք տվող Թ. Ավդալյանի և կաշառքը ստացող «ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի» միջև կապող օղակի դերը և յուրաքանչյուրի հետ առանձին զրուցելու ընթացքում նպաստել է կաշառքի առարկայի չա փի՝ 5 հազար ԱՄՆ դոլար գումարի շուրջ համաձայնության գալուն:
Այնուհետև Թ. Ավդալյանի հետ նախապես ձեռք բերած պայմանավորվածության համաձայն, փաստաբանը 5 հազար ԱՄՆ դոլար կաշառքի գումարը «ՀՀ գլխավոր դատախազի տեղակալին» փոխանցելու համար տվել է Գ. Ալեքսանյանին: Հ. Բաբայանը և Գ. Ալեքսանյանը նշված գումարը խաբեությամբ հափշտակել են:
Դրանից հետո, 2015թ. փետրվարին Ե. Եփրեմյանն ինչպես Գ. Ալեքսանյանի միջոցով, այնպես էլ անձամբ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ ներկայացած դատապարտյալին խնդրել է ներազդել մեկ այլ գործով դատարանում մեղադրանքը պաշտպանող դատախազի վրա` հայտնելով, որ քրեական գործի ելքով շահագրգռված անձը պատրաստակամ է դրա դիմաց 10 հազար ԱՄՆ դոլար գումար կաշառք տալ:
Հ. Բաբայանը և Գ. Ալեքսանյանը, խմբով ընդունելով Ե. Եփրեմյանի առաջարկը և չարաշահելով վերջինիս վստահությունը, իբր, «ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի» կողմից խնդիրը լուծելու համար, Գ. Ալեքսանյանի միջոցով 2015թ. փետրվարին Ե. Եփրեմյանից խաբեությամբ ստացել են փաստաբանի միջնորդությամբ որպես կաշառք տրված առանձնապես խոշոր չափերով` 4 մլն 760 հազար ՀՀ դրամ գումարը և կրկին խարդախությամբ հափշտակել են այն:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: