Իվանիշվիլու հավաստիացումը վրացահայ համայնքին
Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին քիչ առաջ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպմանը հաջորդած համատեղ ասուլիսին հավաստիացրեց, որ իրականացնելու է այն բոլոր խոստումները, որ տվել է վրացահայ համայնքին Վրաստանի խորհրդարանական ընտրություններից առաջ:
Պատասխանելով այդ մասին հարցին՝ Վրաստանի վարչապետը նախ շնորհակալություն հայտնեց վրացահայ համայնքին վստահության համար եւ նշեց. ‘’Հիմա գնդակը մեր դաշտում է: Այն, ինչ ասել եմ նախընտրական շրջանում, ես անպայման կիրականացնեմ: Ես ուզում եմ ասել, որ մեր կառավարությունն ամեն ինչ է անելու է, որ վրացահայությունը զգա, որ ապրում է սեփական երկրում: Ես ուզում եմ կրկնել, որ ամեն ինչ կանեմ, որ իրականացնեմ այն ինչ ասել եմ նախընտրական շրջանում’’:
Բիձինա Իվանիշվիլին նշեց, որ բազմաթիվ հայ բարեկամներ ունի ոչ միայն Վրաստանում, այլեւ Վրաստանից դուրս: Նրա խոսքով, նախընտրական շրջանում վրացահայ համայնքի հետ իր բոլորն հանդիպումներն անցել են շատ ջերմ. ‘’Մենք շատ լավ զգում էինք միմյանց եւ ընտրություննների հետեւանքներն ապացուցում են դա’’:
Հիշեցնենք, որ Բիձինա Իվանիշվիլին Վրաստանի վարչապետի պաշտոնն ստանձնեց Վրաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքում: Նրա ղեկավարած “Վրացական երազանք” կոալիցիան հաղթանակ ապահովեց:
Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլու գլխավորած պատվիրակությունը Հայաստան է ժամանել այսօր` դեկտեմբերի 17-ին: Վրաստանի վարչապետը հանդիպումներ կունենա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի, ինչպես նաեւ ՀՀ արտաքին գործերի, Էներգետիկայի եւ բնական պաշարների եւ Էկոնոմիկայի նախարարների հետ: Բիձինա Իվանիշվիլին կայցելի Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, կլինի նաեւ Մատենադարանում: Սա Իվանիշվիլու առաջին այցն է Հայաստան: