26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Իվանիշվիլին նյարդայնացավ՝ ինչու այդ հարցը տրվեց այստեղ

”Վրաստանի ԱԳ նախարար Մայա Փանջիկիձեի պարզաբանումից հետո  կարելի է ասել , որ այդ հարցն արդեն սպառված է”,-այսօր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլու համատեղ ասուլիսի ժամանակ՝ անդրադառնալով ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ Վրաստանի ԱԳ նախարար Մայա Փանջիկիձեի` Լիտվայի խորհրդարանում արած հայտարարություններին,ասել է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին:

Նշենք, որ Փանջիկիձեի հայտարարությունների մասին վրացական ”Ռուսթավի 2” հեռուստաընկերության հարցն ակնհայտորեն դուր չեկավ Վրաստանի վարչապետին: Բիձինա Իվանիշվիլին դիմելով վրացի լրագրողին, ասաց.’’Ամեն ինչ պարզ է, մանավանդ Ձեր հեռուստաընկերությունն արդեն խոսել է այդ մասին: Նշվել է, որ հարցը աղավաղված է, եւ Դուք նորից բարձրացնում եք այդ հարցը: Ամենամեծ ակտիվությունը ցույց տվեց հենց Ռուսթավի հ/ը’’:

Վրաստանի վարչապետը հավելեց, թե այս հարցում ամենամեծ ակտիվությունը ցուցաբերեց հենց  այս հեռուստաընկերությունը եւ այսօր հետաքրքիր է, որ նույն հեռուստաընկերությունը այդ հարցն է հնչեցնում.’’Ինձ համար հետաքրքիր է, թե ինչու այդ հարցը տրվեց այստեղ’’:

Հարցին արձագանքեց նաեւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նա նախ  շնորհակալություն հայտնեց Վրաստանի վարչապետին` ԼՂ հակամարտության հարցում հավասարակշռված դիրքորոշում ունենալու համար եւ նշեց.’’Հատկապես ուզում եմ նշել, գաղտնիք չէ, որ շատ հաճախ ԼՂ  հարցի կարգավորման շուրջ արվող հայտարարությոններն աղավաղվում են: Մենք շնորհակալ ենք մեր վրացի գործընկերներին, որ նրանք այդպիսի աղավաղումների դեպքում օպերատիվ արձագանքեցին, որպեսզի չլինեն այնպիսի մեկնաբանություններ, որոնք չեն համապատասխանում Վրաստանի կառավարության դիրքորոշմանը’’:

Տիգրան Սարգսյանի այս հայտարարությունից հետո Բիձինա Իվանիշվիլին նշեց, որ  Ադրբեջան կատարած այցելության ընթացքում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ եւ քննարկել խնդիրը:

‘’Մենք խոսել ենք այդ հարցի շուրջ: Ալիեւի դիրքորոշումը ես փոխանցեցի Տիգրան Սարգսյանին, հարցը քննարկեցի նաեւ վարչապետի հետ: Ես մանրամասնորեն չեմ ուզում խոսել այդ հարցի մասին, ուզում եմ ասել, որ հարցն իրոք շատ ծանր է եւ ինչպես երեւում է, մոտ ապագայում շատ ծանր է լինելու այդ հարցի որոշումը: Իմ ցանկությունն ու կոչն է, որ հարցն անպայման կարգավորվի խաղաղ ճանապարհով: Ես ուզում եմ, որ երկու պետությունները բոլոր հնարավորությունները ներդնեն հարցի խաղաղ կարգավորման համար’’:

Հիշեցնենք, որ ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ,  Լիտվայի խորհրդարանում արած հայտարարության մեջ Մայա Փանջիկիձեն նշել էր, որ “ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության սահմաններում”:  Ըստ վրացական ԶԼՄ-ների այս հայտարարության համար Վրաստանի արտգործնախարարն արժանացել է վարչապետի նկատողությանը, ինչին հաջորդել է Փանջիկիձեի պարզաբանումը, որտեղ վերջինս նշում է, թե հայտարարության մեջ ասել է, որ հարգում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը` առանց այն կապելու Լեռնային Ղարաբաղի հետ: 

Հիշեցնենք, որ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլու գլխավորած պատվիրակությունը Հայաստան է ժամանել այսօր` դեկտեմբերի 17-ին: 

Հ.Գ. Նկատենք, որ երկու երկրների վարչապետների ասուլիսի թարգմանությունը լրագրողների շրջանում դժգոհություն առաջացրեց: Վրացերեն եւ հայերեն լեզուներով ընթացող ասուլիսն իր վատ հայերենով թարգմանում էր Հայաստանում Վրաստանի դեսպանատան աշխատակիցը: Ի դեպ, Բիձինա Իվանիշվիլին ասուլիսի վերջին`Ռուսաստան- Վրաստան-Աբխազիա–Հայաստան երկաթգծի վերագործարկման վերաբերյալ հարցին, որը հնչեց ռուսերենով,  պատասխանեց նույն լեզվով:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ