23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ցանկությունն իրականություն դարձնելու համար մենք պետք է տքնաջան աշխատենք. Նախագահ

Ալիկ Հակոբյան, «ԱՐ» հեռուստաընկերություն– Պարո՛ն Նախագահ, Սահմանադրությանը դեմ արտահայտվողների փաստարկներից մեկն այն է, որ մեր երկրում օրենքները լավն են, պարզապես, դրանք չեն գործում: Ու նախ և առաջ, պետք է ապահովել օրենքների կիրառությունը, հետո նոր մտածել Սահմանադրությունը փոխելու մասին: Ձեր վերաբերմունքն այս դիտարկմանը և, ի վերջո, նոր Սահմանադրությունը արդյո՞ք մեր երկրում մեծացնելու է օրենքի գերակայությունը:

Սերժ Սարգսյան– Անշուշտ: Եթերում ելույթ ունեցողներից մեկն ասում էր, թե Սահմանադրությունը նրա համար է, որպեսզի թեթևացնի ժողովրդի կյանքը: Իհա՛րկե, Սահմանադրությունը դրա համար չէ: Սահմանադրությունը նրա համար է, որպեսզի կանոնակարգի մեր կյանքը, և այս առումով, անշուշտ, սահմանադրական մշակույթի զարգացումն էական ազդեցություն է ունենալու: Գիտեք, երբ ասում են օրենքը չի գործում, ես մասամբ համաձայն եմ, մասամբ՝ ոչ: Այո՛, կան օրենքներ, որոնք 100 տոկոսով գործում են, կան օրենքներ, որոնք, երևի, դեռևս ժամանակ են պահանջում, որպեսզի մեր իրավագիտակցությունն ավելի բարձր մակարդակի վրա լինի: Մյուս կողմից էլ՝ այդ մակարդակը որոշվում է համեմատության միջոցով: Իսկ ի՞նչ եք կարծում, Ալիկ, մեր երկրում 15 տարի կամ 20 տարի առաջ ավելի շա՞տ էին օրենքները գործում, քան հիմա՞: Ես խիստ կասկածում եմ: Իսկ Սովետական Միությունում բոլոր օրենքները գործու՞մ էին և գործում էին բոլորի՞ համար: Կարո՞ղ եք մատնանշել մի երկիր, որտեղ ընդհանրապես օրենքները 100 տոկոսով, ամբողջովին գործում են, որտեղ չկան կաշառակերներ, որտեղ չկան վատ ոստիկաններ, որտեղ չկան դավաճան դատախազներ և այլն: Կան չէ՞: Ուզում եմ ասել, իհարկե, համեմատությունը պետք է անել ժամանակի մեջ և տարածության: Այսինքն` եթե մենք մեզ համեմատենք Եվրոպական որևէ երկրի հետ, իհարկե, օրենքի գործելիության աստիճանը մեզ մոտ ավելի ցածր է, քան այնտեղ: Բայց եթե մենք մեզ համեմատենք 10-15 տարի առաջվա հետ, ես կարծում եմ՝ մենք այստեղ առաջընթաց ունենք: Նույնը վերաբերում է կենսամակարդակին: Մարդիկ դուրս են գալիս էկրան կամ մամուլում ասում են, որ անվերջ գահավիժում ենք: Իրենց նեղություն չեն տալիս համեմատելու այն ցուցանիշները, որոնք կփաստեն՝ գահավիժում ենք, թե՞ ոչ: Ամեն ինչ, իմ խորին համոզմամբ, պետք է գնահատենք համեմատության մեջ: Եթե մենք այլ չափանիշներ ենք ընդունում, ապա դա մեզ ճիշտ ճանապարհով չի տանում: Ես շատ լավ հասկանում եմ, որ իշխանության ներկայացուցիչները փորձում են ասել՝ սա և սա ենք արել, համեմատաբար լավ է, բայց ընդդիմության ներկայացուցիչներն ասում են՝ վատ է, վատ է, վատ է: Ո՞վ պետք է այդ դեպքում լինի դատավորը՝ մեր ժողովուրդը ու նաև միջազգային կառույցները: Եթե միջազգային կառույցները, որոնք զբաղվում են մարդու իրավունքների պաշտպանությամբ, նկատի ունեմ, օրինակ, Վենետիկի հանձնաժողովը, Եվրոպական Օմբուդսմենի ինստիտուտը, Եվրոպայի խորհուրդը, եթե այդ կառույցները, նրանց ղեկավարները գալիս են Հայաստան և ասում են՝ սահմանադրական բարեփոխումները ամբողջովին համապատասխանում են ժողովրդավարական չափանիշներին, և որևէ հետընթաց մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում չկա, ապա մի մարդ, որ դժվարանում է հայերեն արտահայտվել, մարդ, որը իրեն նեղություն չի տվել կարդալ փոփոխությունները, ասում է՝ ո՛չ, մարդու իրավունքներն այստեղ սահմանափակված են և այլն, ժողովուրդը պետք է տեսնի չէ,՞ ո՞վ է գնահատողը: Եվ այսպիսի բազմաթիվ օրինակներ կարող եմ բերել՝ սկսած Համաշխարհային բանկի փորձագետների կողմից ամեն տարի կազմվող «Դուինգ բիզնեսից» մինչև ԳՐԵԿՈ-ի խմբի զեկույցները: Ամենամեծը, երևի, իմ ցանկությունն է, որ օրենքը 100 տոկոսով գործի, որ Հայաստանում կաշառակերություն չլինի, ընդհանրապես, որ պետավտոտեսուչը փող չվերցի, բայց արի ու տես, որ դա փող տվողին էլ է ձեռնտու, պետավտոտեսուչին էլ: Դրա համար իշխանությունների համար շատ դժվար է իդեալական վիճակ ստեղծելը: Ինչու՞ են մարդիկ դեմ, որպեսզի խախտումները արձանագրի տեխնիկան և ոչ թե մարդը, որովհետև իրենք չեն կարող տեխնիկայի վրա ճնշում գործադրել, իսկ պետավտոտեսուչի վրա՝ ամեն քայլափոխի: Ես սա ասում եմ ոչ թե նրա համար, որպեսզի պատասխանեմ որոշ մարդկանց, այլ հասկանալի լինի, որ որպեսզի օրենքն ամբողջությամբ գործի, մենք պետք է ունենանք նաև տեխնիկական ապահովվածություն, հասկանու՞մ եք: Մենք պետք է նաև որոշակի սոցիալական խնդիրներ լուծենք: Միգուցե, ոչ պոպուլյար բան եմ ասում, բայց կարո՞ղ է, արդյոք, 400 ԱՄՆ դոլար կամ դրամով արտահայտված՝ մոտ 200 հազար դրամ ստացող ոստիկանը օրենքը նույն ձևով պաշտպանել, ինչ ձևով կպաշտպանի 4000 դոլար ստացող ոստիկանը: Իհարկե, ոչ: Ակնհայտ է, չէ՞: Ոչ մեկին չեմ արդարացնում, իրավիճակը չեմ արդարացնում, ուղղակի, ընդգծում եմ, որ բոլորիս ցանկությունները մեծ են, բայց ցանկությունն իրականություն դարձնելու համար մենք պետք է տքնաջան աշխատենք: Բոլորս պետք է ցանկանանք մեր ջանքերը առավելագույնս ներդնել. առանց դրա հնարավոր չէ: Իհարկե, իմ ասածը չի բացառում, որ անբարեխիղճ պաշտոնյաներ են գտնվում, ովքեր իրենց շահը ավելի են գերադասում, քան պետությանը, բայց չի կարելի ասել, որ դա համատարած բնույթ է կրում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ