23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Մի կողմից պատերազմական իրավիճակ, մյուս կողմից՝ առճակատում երկրի ներսում»/վիդեո/

Հաջորդ դրույթը՝ եթե հիշում եք, այս տարվա մայիսին «Ժառանգության» ներկայացուցիչներից մեկն օրենքի նախագիծ բերեց Ազգային ժողով, որով մենք պետք է Թուրքիայից պահանջենք Արևմտյան Հայաստանի տարածքները: Սա ի՞նչ է նշանակում, նշանակում է՝ մի պատերազմ էլ հայտարարել Թուրքիային: Նույն բանն է տեղի ունենալու: Եվ ես ոչինչ անել չեմ կարող: Կամ էլ պետք է ղեկավարվեմ պարոն Արամ Աբրահամյանի վերջին հեռուստազրուցակիցներից մեկի առաջարկով, այսինքն՝ իրավապահ մարմինների միջոցով ճնշեմ կառավարությանը կամ Վարչապետին: Բայց դա անընդունելի բան է:

Մյուսը՝ եթե հիշում եք, այդ կուսակցության հաջորդ դրույթն այն է, որ պետք է հարկերը կրճատել և աշխատավարձերն ու թոշակները բարձրացնել: Իսկ մենք որտե՞ղ ունենք փող: Մենք փող ունենք միայն բյուջեում, որը համալրվում է միայն ու միայն հարկերով, և այդ բյուջեի մի ահռելի մասը մենք հատկացնում ենք մեր անվտանգությանը, հիմնականում՝ պաշտպանությանը: Այսինքն` ինչ է դուրս գալիս. պաշտպանության հնարավորությունները սահմանափակենք, կրճատենք միջոցները, պատերազմ հայտարարենք Ադրբեջանին, Թուրքիային, և պատասխանատվությունը այդ դեպքում ո՞ւմ վրա:

Այսինքն՝ Րաֆֆի Հովհաննիսյանը պատերազմ հայտարարի Ադրբեջանին, անվտանգությունն ապահովի Սերժ Սարգսյա՞նը: Դա տրամաբանակա՞ն է: Անտրամաբանական է, հասկանու՞մ եք: Գերագույն գլխավոր հրամանատարի գործառույթն այն չէ, որ նա նստի իր նստավայրում կամ գնա պաշտպանության նախարարություն, բացի քարտեզներն ու ասի՝ առաջին բանակային կորպուսը պետք է աջից հարձակվի, երկրորդ բանակային կորպուսը՝ ձախից և այլն: Դրա համար մենք ունենք զինվորականներ, ունենք մասնագետներ, կա գլխավոր շտաբ և գլխավոր շտաբի գործառույթն է դա: Հանրապետության Նախագահի, այսինքն` Գերագույն գլխավոր հրամանատարի գործառույթն է՝ մոբիլիզացնել երկրի ողջ ռեսուրսը ռազմաքաղաքական խնդիր լուծելու նպատակով, այն է` չեզոքացնել Հանրապետությանը սպառնացող վտանգը: Իսկ Գերագույն գլխավոր հրամանատարը, եթե միայն համակարգում է, ապա ինչպե՞ս դա պետք է կազմակերպի: Այո՛, եթե կառավարությունը, այսինքն՝ խորհրդարանական մեծամասնությունը և Հանրապետության Նախագահը նույն քաղաքական ուժի ներկայացուցիչներն են, խնդիր չի առաջանում, որովհետև բացի Սահմանադրությունից գոյություն ունի նաև կուսակցական կանոնադրություն, գոյություն ունեն կուսակցական լծակներ, և այդ հարցը կարելի է լուծել: Եվ բացի դրանից, եթե դու նույն քաղաքական ուժի ներկայացուցիչն ես, ապա ունես նույն ծրագրային դրույթները, նույն նպատակները, և այլն: Բայց, եթե տարբեր քաղաքական ուժեր են, այս հարցն ինչպե՞ս պետք է կարգավորվի. առճակատմամբ: Այսինքն` մի կողմից պատերազմական իրավիճակ, մյուս կողմից՝ առճակատում երկրի ներսում: Ո՞նց եք դա պատկերացնում: Սա իրական սպառնալիք է մեր անվտանգությանը: Ուզում եմ, որպեսզի այդ սպառնալիքը չեզոքանա, ուզում եմ, որպեսզի պատասխանատվությունը լինի այնտեղ, որտեղ իրավունքներն են: Սա՝ մեկ:

Երկրորդ՝ կարգավորումներում գոյություն ունեն խոչընդոտներ նաև տնտեսական զարգացման առումով: Տեսեք՝ 55-րդ հոդվածը չի պարունակում որևէ լիազորություն՝ կապված մեր տնտեսության հետ: Այսինքն` Հայաստանի Հանրապետության Նախագահն ի պաշտոնե պատասխանատու չէ տնտեսական իրավիճակի համար: Բայց, քանի որ Հանրապետության Նախագահն այսօր ներկայացնում է նույն ուժը, ինչ ներկայացնում է կառավարությունը, ամբողջ պատասխանատվությունը գալիս է Հանրապետության Նախագահի վրա: Խոսենք օրինակներով: Նաիրիտի բանվորներն ինչու՞ են գալիս Բաղրամյան և պահանջում աշխատավարձ: Եվ այն հարցին թե՝ ինչու՞ եք եկել այստեղ, նրանք ասում են՝ մենք ձեզ ընտրել ենք և գիտենք, որ ամեն ինչի համար պատասխանատու է Հանրապետության Նախագահը: Նույնը՝ հոսանքի սակագնի հետ կապված: Ո՞ւր գնացին այդ մարդիկ: Որտե՞ղ էին իրենց բողոքն արտահայտում: Եվ այս հանգամանքը, որ իրականության հետ որոշակի առնչություններ ունի, մի տեսակ, չգիտեմ ճիշտ բառն եմ օգտագործում թե ոչ, լղոզում է տնտեսական մարմինների կամ տնտեսությամբ զբաղվող մարմինների պատասխանատվությունը: Հանրության մեջ այդպիսի ընկալում կա չէ՞, որ բոլոր որոշումները կայացվում են Բաղրամյանում՝ Բաղրամյան 26-ում, նաև՝ տնտեսության հետ կապված: Եթե մարդը պատասխանատու չի զգում իր կայացրած որոշման համար, այդ որոշման կայացումը վերագրում է ուրիշին, ապա նա երբեք չի կարող հետևողական լինել:

Եվ երրորդ՝ ես կարծում եմ, որ ձեզնից որևէ մեկը չի ժխտի, որ մեր հանրության մեջ տարածված կարծիք կա, թե բոլոր դատավճիռներն անցնում են Բաղրամյան 26-ով՝ մինչ դատարանում հրապարակելը: Ինչու՞ է այսպիսի կարծիք ձևավորվել:

Շատ պարզ պատճառով՝ բոլոր դատավորներին նշանակում է Հանրապետության Նախագահը: Եվ երբ դատավորները, չեմ ասում բոլոր, որոշ դատավորներ կատարում են իրենց «սև գործը», ապա կատարում են այսպես՝ ցույց տալով Նախագահի նկարը: Մարդիկ էլ հասկանում են, որովհետև Հայաստանում անհնար է հավատալ, որ եթե դու մեկին նշանակում ես, ապա այդ մեկը քո ասածներով չի ղեկավարվում: Այսինքն, մենք այստեղ գործ ունենք դատական համակարգի ներքին ու արտաքին անկախության հետ, և առաջարկվող տարբերակով մասնագետների ճնշող մեծամասնության կարծիքով, այս խնդիրն էլ է լուծվում: Ես կարող եմ առնվազն 15 այսպիսի կետեր ասել, բայց կարծում եմ՝ այս երեքն էլ բավարար է, որպեսզի դուք կարծիք կազմեք իմ դրդապատճառների մասին:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ