25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Մատուռ ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնում

ԱՀԹ «Ցերեկային Կենտրոն»-ի և Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը դեկտեմբերի 1-ին ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվա կապակցությամբ ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում տնօրինության և բուժանձնակազմի նախաձեռնությամբ բացված մատուռի օրհնության կարգ կատարեց: Արարողությանը մասնակցում էին ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, նախարարության ստորաբաժանումների ղեկավարներ, ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը և բուժաշխատողներ:

Տեր Գրիգորը ներկաներին փոխանցեց ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությունն՝ ասելով. «Աղոթատեղին իր օգտակարությունն ու մխիթարությունը կբերի ոչ միայն աշխատակազմին, այլ առավել ևս ՄԻԱՎ վարակն ունեցող մարդկանց: Հիվանդությամբ կյանքը չի վերջանում, այն նաև միջոց պետք է դառնա հավատն առավել ամրացնելու»:

«Այս գիտագործնական կենտրոնում այսօր օրհնվեց սրբավայր և համոզված եմ, որ ձեզանից յուրաքանչյուրն այսուհետ իրեն ավելի պարտավորված է զգալու: Հիվանդների համար առողջությունը բացարձակ արժեք լինելուց բացի, պետք է լինի մի վկայություն, թե ինչպես է պետք պայքարել և կյանքը սիրել: Բոլորս՝ բժիշկ, հոգևորական, այս պայքարի մեջ ենք և տարվա մեջ այս այն օրն է, որ համախմբվելով փորձում ենք ներշնչել մեր հասարակությանը, որ այս հիվանդությունը հաղթահարելի է»,- ասաց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

ԱՀԹ «Ցերեկային Կենտրոն»-ը 2011 թ-ից համագործակցում է թե՛ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի, թե՛ «Արմենիկում» կլինիկական կենտրոնի և հասարակական մի շարք կազմակերպությունների հետ: Ինչպես նշեց Տեր Գրիգորը. «Համագործակցության հիմքում փորձի փոխանակումն է, «Ցերեկային Կենտրոն»-ի սոցաշխատողը և հավասարը հավասարին խորհրդատուն հերթապահություններ են իրականացնում բժշկական կենտրոններում, ուր բժիշկները հիվանդներին իրազեկում են կենտրոնի մասին:

Այնուհետև մեր աշխատակիցները նրանց ուղղորդում են կենտրոն, ուր նրանք բացի հովվական խնամքից և աջակցությունից, ստանում են նաև հոգեբանական և սոցիալական աջակցություն: Շահառուների համար «Ցերեկային Կենտրոն»-ը դարձել է մի մեծ ընտանիք»:

Վիճակագրական տվյալները փաստում են, որ Հայաստանի Հանրապետությունում մարդու իմունային անբավարարության վիրուսով վարակվածության դեպքերի արձանագրումը սկսվել է 1988 թ-ից: Այդ թվականից առ այսօր Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 2214 դեպք ՀՀ քաղաքացիների շրջանում: ՄԻԱՎ վարակով հիվանդների ընդհանուր կազմում գերակշռում են արական սեռի ներկայացուցիչները՝ 1528 մարդ (69%), իգական սեռի ներկայացուցիչների մոտ արձանագրվել է վարակի 686 դեպք (31%): ՄԻԱՎ վարակի 41 դեպք (1,8%) է արձանագրվել երեխաների մոտ: ՄԻԱՎ-ով վարակվածների 52%-ը եղել է 25-39 տարիքային խմբում: ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի իրավիճակի գնահատումը վկայում է, որ հանրապետությունում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց հաշվարկային թիվը կազմում է 3800:

Կազմակերպվող մի շարք միջոցառումների շրջանակներում ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը նպատակ ունի խրախուսելու ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտվելու ցանկությունը բնակչության շրջանում, փոխելու հետազոտման հետ կապված կարծրատիպերը: Այդ նպատակով կենտրոնում բոլոր ցանկացողներին հնարավորություն է տրվում անցնելու ՄԻԱՎ-ի և հեպատիտ Ց-ի վերաբերյալ անվճար և անանուն հետազոտություն արագ թեստավորման մեթոդով և ընդամենը 15-20 րոպեի ընթացքում ստանալու հետազոտության պատասխանը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ