Ռուսաստանին խորհուրդ եմ տալիս չխաղալ կրակի հետ. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բայբուրթ (Բաբերդ) քաղաքում ժողովրդի հետ հանդիպման ժամանակ ռուսական ինքնաթիռի խոցման և դրա հետևանքով առաջացած լարվածության թեմայով հայտարարություններ է արել, գրում է Ermenihaber.am-ը:
Իր ելույթում Էրդողանը Ռուսաստանի խորհուրդ է տվել կրակի հետ չխաղալ, ասելով.
«Կրակի հետ խաղալը 380 հզ. մարդու կյանք խլած, պետական ահաբեկչություն իրականացնող Ասադի ռեժիմին աջակցելն է: Չափավոր ընդիմությանը հարվածելը, մեզ չկատարած հանցանքներում մեղադրելը, մեր քաղաքացիներին նվաստացնելն է կրակի հետ խաղալը: Կրակի հետ խաղալը օգնություն տեղափոխող բեռնատարներին հարվածելն է: Ռուսաստանին անկեղծորեն խորհուրդ եմ տալիս` չխաղալ կրակի հետ: Մենք շատ ենք կարևորում Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները»:
Անդրադառնալով Պուտինի` ռուսական օդանավի խոցման վերաբերյալ արած «թիկունքից հարված ստացանք» արտահայտությանը` Էրդողանն ասել է.
«Պարոն Պուտինն ասում է, Թուրքիան իրենց թիկունքից հարվածեց: Ոչ, այս ժողովուրդը երբեք թիկունքից չի հարվածում, նա գիտի դեմ առ դեմ գնալ: Արդյունքը ինչ էլ լինի` այդպես ենք անելու: Չենք ցանկանում, որ այս հարաբերությունները վնասվեն: Մեր սահմանի խախտման հետևանքով տեղի ունեցած դեպքի հետ կապված բոլոր մանրամասները կհետաքննվեն: Սակայն անվայել եմ համարում այս հարցի միջոցով Թուրքիայի դեմ զրպարտության արշավ սկսելը և երկկողմ հարաբերությունները վտանգի տակ դնելը»:
Էրդողանը նաև Պուտինի հետ բանակցելու ցանկություն է հայտնել:
«Ցանկանում եմ այս թեման Պուտինի հետ դեմ առ դեմ քննարկել: Ցանկանում եմ ասել, որ անհանգիստ ենք այս թեմայով լարվածության անտեղի սրման պատճառով: Թուրքիայի և ռուսաստանի միջև համագործակցության մեծ պոտենցյալ կա: Մենք չենք ցանկանում, որ այս դեպքը վնասի այդ պոտենցյալին: Այս իրավիճակում մեր երկրներն են վնաս կրելու: Եկեք տուրք չտանք այս իրավիճակին»,- ասել է Թուրքիայի նախագահը: