Բախումներ Բաքվի իսլամիստների եւ ոստիկանության միջեւ. կան զոհեր /վիդեո/
Բաքվում իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Նախօրեին տեղի Նարդարան ավանում բախումների էին տեղի ունեցել իսլամիստների եւ ոստիկանության միջեւ, ինչի արդյունքում 8 հոգի մահացել էր, այդ թվում՝ 2 ոստիկան, կան բազմաթիվ վիրավորներ։
Եւ ահա ակնկալվում է, որ կրկին բախումներ տեղի կունենան, քանի որ Նարդարան ավանի կենտրոնում ամբողջ գիշեր հավաքված են եղել հարյուրավոր մարդիկ: Նրանք խարույկներ են վառել եւ կրոնական երգեր երգել:
Ինչպես հայտնում են ադրբեջանական զլմ-ները, հավաքվածները հայտարարել են, որ եթե 24 ժամվա ընթացքում իրավապահներն ազատ չարձակեն Ադրբեջանի շիաների առաջնորդի գլխավորությամբ իրենց բոլոր ձերբակալված ընկերներին, ապա շարունակելու են պայքարը: Վերջինները զինված են մետաղաձողերով, քարերով:
Ադրբեջանի ՆԳՆ-ն ամբողջ գիշեր պահուստային ուժեր է կուտակել ավանի շուրջը: Զինվորները զինված են, նրանք զրահաբաճկոններով եւ սաղավարտներով են:
Ինչպես հայտնում է “МИР24”-ը, երեկ նամազի ժամանակ իրավապահները ներխուժել են Նարդարանի շիաական «Իմամ Հուսեին» մզկիթ, բռնություններ գործադրելով ձերբակալել Ադրբեջանի շիաների առաջնորդ Թալե Բաղըրզդեին եւ եւս 14 հավատացյալների: Ոստիկանների գործողությունները զայրացրել են Նարդարանի բնակիչներին: Նրանց եւ ոստիկանության միջեւ բախումներ են սկսվել: Փոխհրաձգությունների հետեւանքով երկու ոստիկան եւ 6 բնակիչ սպանվել են:
Ավելի ուշ Ադրբեջանի ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ ձերբակալվածները ծրագրել էին բռնություններ իրականցնել եւ եւ երկրում շարիաթի նորմեր մտցնել: