Սահմանազատել ”Սասնա ծռեր” էպոսը Վարդան Սեդրակյանից
Ֆեյսբուքյան օգտատեր Դավիթ Պետրոսյանն իր էջում գրել է, որ որպես նախագահի թեկնածու առաջադրված էպոսագետ Վարդան Սեդրակյանից պետք է հեռու պահել ”Սասնա ծռեր” էպոսը:
”Աշխարհի ոչ բոլոր ազգերը ունեն պատիվ սեփական ազգային էպոս ունենալու, հայ ժողովուրդը այն քչերից մեկն է, որ կարող է հպարտանալ իր էպոսով։ Էպոս, որում արտացոլվում է հայ ազգի հայրենասիրությունը, արժանապատվությունը, մեծերի հանդեպ հարգանքը և այլ բազում կարևոր ազգային արժեքներ։ «Սասնա ծռեր»- էպոսը մեր դարավոր գոյության ապացույցն է, որում խոսվում է նաև համամարդկային արժեքների մասին ։ Բայց այժմ «Սասնա ծռեր» էպոսը մտցվել է մեր ներկայիս քաղաքական կեղտոտ դաշտ և դարձել է քաղաքական շահարկումների առարկա։ Ամենակարևորը մենք պետք է կարողանանք սահմանազատել «Սասնա ծռեր» էպոսը Վարդան Սեդրակյանից, եթե վերջինս հանդես է գալիս երևակայական, կամ անմիտ արտահայտություններով դա չպետք է վերագրել էպոսին և դրանում էպոսը մեղավոր չէ ։ Շատ քաղաքական գործիչներ, ցանկանալով քննադատել, հաճախ նաև ծաղրել Վարդան Սեդրակյանին, չմտածված քննադատում և ծաղրում են էպոսին, իսկ ազգային արժեք ծաղրելը դա հակազգային քայլ է։ Կորցնում է նաև իր արժեքը, և ծաղրվում է էպոսագետ բառը։ Էպոսագիտությունը շատ ընդունված և հարգված մասնագիտություն է, (հիշենք Կ.Կերամի «Աստվածներ, դամբարաններ, գիտնականներ» գիրքը, որտեղ Ջորջ Սմիթը հազարավոր կավե գրավածքներում փնտրում է «Գիլգամեշ»-ի էպոսը և այդ քայլը ստանում է «Ջորջ Սմիթը ասեղ է փնտրում խոտի դեզի մեջ» արտահայտությունը։
Այնպես որ եկեք հարգենք մեր ազգային արժեքները, իրերին տանք իրենց անվանումները և սահմանազատենք իրարից ամբողջովին տարբեր երևույթները”։