10 անգամ զգուշացրել ենք, սակայն պատասխան չենք ստացել. Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի նոր հայտարարությունը ռուսական ինքնաթիռի խոցման վերաբերյալ
Թուրքիայի պաշտոնական շրջանակներից նոր մեկնաբանություններ են արվել խոցված ռուսական ինքնաթիռի վերաբերյալ:
Թուրքական զինուժի պաշտոնական կայքում հրապարակված համապատասխան մամլու հաղորդագրության համաձայն՝ նոյեմբերի 24 և 25-ին Ռուսաստանի Դաշնության ռազմական կցորդն ու ցամաքային ուժերի կցորդը հրավիրվել են ԶՈՒ գլխավոր շտաբ, որտեղ նրանք իրազեկել են ստեղծված իրադրության մասին, գրում է Ermenihaber.am-ը:
«Ռուսաստանի Դաշնությանը (ՌԴ) ռազմական կցորդն ու ցամաքային կցորդը ՌԴ-ին պատկանող SU-24 ռազմական ինքնաթիռի խոցման հետ կապված 2015թ. նոյեմբերի 24 և 25-ին հրավիրվել են գլխավոր շտաբ, որտեղ նրանց հաղորդվել են դեպքի մանրամասները և քննարկում տեղի ունեցել: Նշյալ հանդիպման ժամանակ մենք տեղեկացրել ենք, որ ինքնաթիռին նախազգուշացնելիս մեզ հայտնի չի եղել, թե որ երկրին է այն պատկանում:
Մենք 10 անգամ զգուշացրել ենք, սակայն պատասխան չենք ստացել, ինչից հետո մեր օդային սահմանը հատող ինքնաթիռի նկատմամբ անհրաժեշտ միջոցներ ենք կիրառել: Թուրքիայի հայնրապետությունն ու Թուրքիայի զինված ուժերը մեծ ջանքեր են թափել՝ օդաչուներին գտնելու ուղղությամբ»,-ասված է հաղորդագրության մեջ:
Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի մամլո հաղորդագրությունում նշվում է նաև, որ Ռուսաստնի կցորդներին դեպքը նկարագրվել է նաև ռադարային քարտեզների օգնությամբ: Թուրքական կողմը պատասխանել է կցորդների բոլոր հարցերին և դեպքի վերաբերյալ ցանկացած տեսակի տեղեկատվություն տրամադրելու պատրաստակամություն հայտնել:
ԶՈՒ գլխավոր շտաբի հաղորդագրության համաձայն՝ ռուսական ինքնաթիռի խոցումից հետո թուրքական կողմը նաև հեռախոսակապ է հաստատել Ռուսաստանի ռազմական իշխանությունների հետ: Հեռախոսակապի ընթացքում թուրքական կողմը Մոսկվայի հետ ամեն տեսակ համագործակցության պատրաստակամություն է հայտնել: