“Շանթ” հեռուստաընկերության դերասանը վթարի է ենթարկվել
Այսօր` հունվարի 11-ին, ժամը 04:15-ի սահմաններում Դավիթ Անհաղթ եւ Կարապետ Ուլնեցի փողոցների խաչմերուկում բախվել են Երեւան քաղաքի Մոլդովական փողոցի բնակիչ 22-ամյա Գագիկ Բաբալարյանի վարած “ՎԱԶ 2107” մակնիշի 24 ՕՕ 118 համարանիշի եւ դեռեւս չպարզված հանգամանքներում, անհայտ ավտովարորդի կողմից վարած “ՎԱԶ 2107” մակնիշի 34 ՕP 210 համարանիշի ավտոմեքենաները: Վերջինիս վարորդը վթարից հետո դիմել է փախուստի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով “ՎԱԶ 2107” մակնիշի 34 ՕP 210-ի ուղեւոր, Կամարակի 2-րդ նրբանցքի բնակիչ 23-ամյա Անդրանիկ Անտոնյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոն:
Վթարի վայր են ժամանել Երեւանի ՃՈ աշխատակիցները: Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Արսեն Մարգարյանը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հիվանդանոց մեկնած քննչական խնբին Անդրանիկ Անտոնյանը հայտնել է, որ որպես դերասան աշխատում է “Շանթ” հեռուստաընկերությունում: