Կառավարությունը սահմանել է սոցիալական վճարման չափերը
ՀՀ կառավարությունը հաստատել է ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության վճարման համար նախատեսված ֆինանսական միջոցների չափերն ըստ սոցիալական ծառայություն տրամադրող տարածքային մարմինների` հաշվի առնելով ՀՀ 2013 թ. պետբյուջեի նախագծով ընտանեկան նպաստի և միանվագ օգնության համար հատկացված միջոցները։ Ընտանիքի անապահովության սահմանային միավոր է սահմանվել 30.00-ն, ընտանեկան նպաստի բազային մասը` 16 հազար դրամ։ Հաստատվել են 30.01-35.00, 35.01-39.00, 39.01 և ավելի անապահովության միավոր ունեցող ընտանիքների անդամներին տրվող հավելումները։ Երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափ է սահմանվել 50 հազար դրամը, իսկ ընտանիքում ծնված երրորդ, ինչպես նաև հաջորդ յուրաքանչյուր երեխայի համար` 430 հազար դրամը, մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը` 18 հազար դրամը։
Զոհված Հայաստանի ազգային հերոսի ընտանիքի նպաստի չափ է սահմանվել 250 հազար դրամը, զոհված` առաջին աստիճանի Մարտական խաչ շքանշանով պարգևատրված անձի ընտանիքի նպաստի չափը` 150 հազար դրամը, զոհված` երկրորդ աստիճանի Մարտական խաչ շքանշանով պարգևատրված անձի ընտանիքի նպաստի չափը` 100 հազար դրամ։ Սույն որոշման գործողությունը տարածվում է 2013 թ. հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա։
Իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում փոփոխություններ և լրացում կատարելու միջոցով կառավարությունը կարգավորել է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու եկեղեցականի` մինչև 1992 թ. հունվարի 1-ն աշխատած ժամանակահատվածը նրա աշխատանքային ստաժում հաշվարկելու հարցը, վարժարանների ուսուցիչների` մասնակի կենսաթոշակ ձեռք բերելու իրավունքը և այլն։
Գործադիրը հաստատել է եվրոպական արտադրության լսողական սարքերի ձեռքբերման համար պետական հավաստագրերի տրամադրման և դրանց գնային արժեքի որոշման կարգը, այդ սարքերի ձեռքբերման պետական հավաստագրի ձևը, սահմանել, որ 2013 թվականին լսողական սարքերի ձեռքբերման հավաստագրի գնային արժեքն է 80 հազար դրամը։
Իր նախկին որոշումներից մեկում կատարած փոփոխությամբ կառավարությունն աշխատողների սոցիալ-աշխատանքային իրավունքների պաշտպանության նպատակով գործուղման, դաշտային կամ տեղափոխման աշխատանքների համար անհրաժեշտ ծախսերի հատուցվող չափերը համապատասխանեցրել է այդ միջոցների ձեռքբերման համար անհրաժեշտ շուկայական գներին։ Պետական պաշտոնյաներն ստացել են Հայաստանից Լեռնային Ղարաբաղ գործուղումն անհրաժեշտության դեպքում օդային ճանապարհով իրականացնելու հնարավորություն։
Մեկ այլ որոշման փոփոխությամբ սահմանվել է, որ հանրային ծառայությունների համարանիշը հատկացվում է նաև օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց` ապահովելով եկամտային հարկի և կուտակային վճարի անձնավորված հաշվառման համակարգի բնականոն գործունեությունը։