26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Օկոեւի պատասխանը

Henaran.am-ի խմբագրությունը հաղորդագրություն է ստացել “Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ” ՓԲԸ տնօրեն պրոֆոսոր Գ.Գ. Օկոևից, որտեղ պրոֆեսորը պատասխանել է այսօր մեր ակումբում հրավիրված ասուլիսի բանախոսին: Կարո Կարապետյանը մեղադրում է բժիշկներին եւ իրավապահներին իր կնոջ Նունե Մաղաքյանի` երիկամը վաճառելու մեջ:  Ներկայացնում ենք Օկոեւի պատասխանն ամբողջությամբ.

“Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության լրատվամիջոցներում վերջերս ակտիվորեն տարածվում են բազմաթիվ անճշտություններ և անհիմն մեղադրանքներ պարունակվող տեղեկություններª քաղաքացի Նունե Մաղաքյանին բժշկական վիրահատական միջամտության ենթարկելու կապայցությամբ, “Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն” ՓԲԸ-ն սույնով ներկայացնում է որոշակի պարզաբանումներ:

Նախ նշենք, որ Նունե Մաղաքյանի ամուսին Կարապետ Կարապետյանի կողմից լրատվամիջոցների միջոցով տարածվում են ոչ միայն իրականությանը չհապատասխանող տեղեկություններ, այլ նաև “Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ” ՓԲԸ-ին և անձամբ պրոֆեսոր Օկոևին ուղղված անվայել և վիրավորական արտահայություններ, որոնց չենք անդրադառնում` ցանկանալով մնալ քաղաքակիրթ երկխոսության և կոռեկտության սահմաններում:

 Միաժամանակ, հաշվի առնելով ՀՀ օրենսդրության պահանջները, ներկայացնում ենք բացառապես բժշկական գաղտնիք չհանդիսացող տեղեկություններ կամ այնպիսի տեղեկություններ, որոնք հայտնի են դարձել Ն.Մաղաքյանի և իր ամուսին Կ.Կարապետյանի հրապարակային հայտարարություններից:

 Հակիրճ ներկայացնենք իրավիճակը.

 Ն.Մաղաքյանը 2008թ.-ի հոկտեմբերին` ունենալով ցավեր, դիմել է “Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ” ՓԲԸ բուժօգնություն ստանալու խնդրանքով: Կատարված հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ Ն.Մաղաքյանին բուժօգնություն ցուցաբերելու համար անհրաժեշտ է կատարել վիրահատություն, ինչի վերաբերյալ Ն.Մաղաքյանը տվել է իր գրավոր համաձայնությունը:

 Վիրահատության ընթացքում պարզ է դարձել, որ նախնական ախտորոշումից բացի առկա են նաև վիրահատական միջամտության ենթակա այլ խնդիրներ, ինչը հաշվի առնելով վիրահատությունն իրականացնող բժիշկի կողմից  որոշում է կայացվել ընդլայնել վիրահատության ծավալը:

 Վիրահատության ընթացքում տեղի է ունեցել նման վիրահատությունների դեպքում բժշկությանը հայտնի բարդություններից մեկը, որից հետո կարիք է առաջացել այլ մասնագետների միջամտության, և Ն.Մաղաքյանը տեղափոխվել է այլ բժշկական կենտրոն: Մի քանի վիրահատություններից հետո Ն.Մաղաքյանի գրավոր խնդրանքով և գրավոր փաստաթղթի կազմման հիման վրա իր երիկամը հեռացվել է:

 Ստորև նշենք Մաղաքյանի և Կարապետյանի մեղադրանքները հերքող հիմնական փաստերը.

 “Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ” ՓԲԸ-ի կողմից իրականացված վիրահատական միջամտության ընթացքում որևէ բշժկական սխալ չի կատարվել:

 Սա հաստատվում է երեք փորձաքննական եզրակացություններով, որոնցից երկուսը Հայաստանի Հանրապետությունում գործող բժիշկ մասնագետների կողմից իրականացված դատաբժշկական փորձաքննություններ են, մեկը` գերմանացի բժշկի կողմից իրականացված փորձաքննություն է:

 Նշենք, որ գերմանացի բժշկին դիմել էր Ն.Մաղաքյանը և իր ամուսինը, և եթե նրանց կարծիքով Հայաստանում փորձաքննություններն իրականացվում են ոչ օբյեկտիվ, ապա գերմանացի մասնագետի անաչառությանը կասկածելու որևէ հիմքեր նրանք չունեն: Մասնավորապես, գերմանացի բժիշկն իր եզրակացության մեջ հստակ նշել է, որ պրոֆեսոր Օկոևը վիրահատության ընթացքում որևէ բժշկական սխալ թույլ չի տվել և իր կողմից վիրահատության ծավալների ընդլայնումը եղել է ցուցված և ուղղված է եղել հիվանդի առողջության բարելավմանը:

 Բժշկական վիրահատությունը իրականացվել է Մաղաքյանի համաձայնությամբ:

 Սա հաստատվում է Մաղաքյանի կողմից ստորագրված գրավոր համաձայնությամբ, այն պարագայում, երբ օրենքը նույնիսկ բանավոր համաձայնությունն է բավարար համարում: Նշենք նաև, որ բացի համաձայնությունը գրավոր տալուց Ն.Մաղաքյանը նաև տեղեկացվել է վիրահատության, վիրահատական միջամտության էության մասին, նրան բացատրվել է, որ վիրահատության ընթացքում հնարավոր են բարդություններ և վիրահատության ծավալի փոփոխություն, ինչը նույնպես գրավոր հաստատվել է Մաղաքյանի կողմից:

 Ն.Մաղաքյանի վիրահատությունը օրինական կերպով կատարվել է պետպատվերի շրջանակներում:

 Բժիշկը կամ բժշկական կազմակերպությունը ինքնուրույն իրավունք չունեն որոշելու, թե որ վիրահատությունը կամ այլ բժշկական ծառայությունը պետք է կատարվի պետպատվերի շրջանակներում, քանի որ դա կատարվում է պետական մարմինների կողմից նախապես հաստատված կարգով և դեպքերում:

 Նշենք, որ պետպատվերի ձևակերպումը բժշկական կենտրոնի կողմից իրականացվող բարեգործություն չէ, այլ օրենքով սահմանված պարտականություն: Տվյալ դեպքում վիրահատությունը կատարվել է պետպատվերի սահմաններում, քանի որ առկա է եղել ցավային սինդրոմ` համաձայն վիրահատության կատարման պահին գործող իրավական կարգավորման:

 Իսկ եթե Ն.Մազաքյանը և նրա ամուսին Կ.Կարապետյանը գտնում են, որ վիրահատությունը չպետք է կատարվեր պետպատվերի շրջանակներում, ապա նրանք կարող են պետբյուջե վերադարձնել վիրահատության արժեքը, որը փոխանցվել է բուժհաստատությանը:

 Ն.Մաղաքյանի երիկամը հեռացվել է իր իսկ գրավոր խնդրանքով

 Ն.Մաղաքյանի երիկամը հեռացվել է այլ բժշկական կենտրոնում “Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ” ՓԲԸ-ում վիրահատվելուց ավելի քան կես տարի անց: Ն. Մաղաքյանը հրաժարվել է իրեն առաջարկած բուժման երկու եղանակներից, որոնք թույլ կտաին պահպանել երիկամը, և գրավոր դիմել է իր երիկամը հեռացնելու խնդրանքով:

 Ինչ վերաբերում է հեռացված երիկամը իրեն չհանձնելու վերաբերյալ անհեթեթ մեղադրանքին, ապա Հայաստանի Հանրապետությունում գործող հիգիենիկ և հակահամաճարակային նորմերի համաձայն հեռացված օրգանները ենթակա են հատուկ առանձնացված պահպանման և հատուկ եղանակով ոչնչացման, ինչի պարագայում բժշկական կենտրոնի կողմից հիվանդի նման անհեթեթ խնդրանքի կատարումը ապօրինի կլիներ:

 Նշենք նաև, որ քաղաքացիական գործով դատաքննության ընթացքում Ն.Մաղաքյանի ամուսին Կ.Կարապետյանը, հանդես գալով որպես վկա (դատաքննության ընթացքում վկան քրեական պատասխանատվություն է կրում սուտ ցուցմունք տալու համար, ի տարբերություն լրատվամիջոցներով սուտ տեղեկություններ տարածելու դեպքերի) դատարանին հայտնել էր, որ ավստրիացի, Սանկտ-Պետերբուրգի և հայ մասնագետների կարծիքով Ն.Մաղաքյանի երիկամը մինչև հեռացումը ուներ 80 տոկոս ոչ պիտանիության աստիճան, ինչը Ն.Մաղաքյանի կողմից առաջարկված բուժման եղանակներից հրաժարվելու արդյունք էր:

 Ամփոփելով վերը նշվածը` նշենք, որ Կ.Կարապետյանի կողմից հնչեցված սուտ տեղեկությունները և մեղադրանքներր հիմնված են բացառապես իր բանավոր հայտարարությունների, չապացուցված և իր իսկ կողմից հորինված փաստերի վրա, չունեն որևէ փաստական և իրավական հիմքեր և ուղղված են հասարակությունը մոլորության մեջ գցելու և “Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ” ՓԲԸ-ն վարկաբեկելու նպատակին: Դրա ամենավառ ապացույցն այն է, որ Կ.Կարապետյանը չցանկացավ հրապարակել և հասարակությանը հասանելի դարձնել իր իսկ պատվերով կատարված գերմանացի բժիշկի փորձաքննության եզրակացությունը:

 Միաժամանակ, հաշվի առնելով, որ մինչ օրս լրատվամիջոցների կողմից Ն.Մաղաքյանի վիրահատության հետ կապված տեղեկատվությունը հրապարակվել է խիստ միակողմանի, առանց ստուգելու Կ.Կարապետյանի կողմից տարածված անհիմն մեղադրանքները, “Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ” ՓԲԸ-ն հուսով է, որ Ն.Մաղաքյանի հայցով հարուցված քաղաքացիական գործի ընթացքը այսուհետ կլուսաբանվի օբյեկտիվորեն` հաշվի առնելով բազմակարծության սկզբունքը, և այդ նպատակով պատրաստ է տրամադրել բժշկական գաղտնիք չհանդիսացող ցանկացած տեղեկատվություն”:

 Հարգանքներով,

 “Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ” ՓԲԸ տնօրեն

 պրոֆոսոր Գ.Գ. Օկոև

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ