Ամանորն ինքնասպանության պատճառ չէ. հոգեբան

Հոգեբան Սամվել Խուդոյանն իր գործունեության ընթացքում չի նկատել, որ ինքնասպանությունների թիվն աճում է հատկապես ամանորյա և մյուս տոնական օրերին: Իսկ այն, որ այս ամանորին լրատվամիջոցները պարբերաբար հաղորդում էին ինքնասպանության դեպքերի և փորձերի մասին, Խուդոյանը բացատրում է նրանով ոչ թե դեպքերի աճմամբ, այլ ավելի շատ ու բացահայտ լուսաբանմամբ:
«Այն, որ մի երկու հոգի ավել է եղել, դա չի վկայում, որ այդ թիվն ավելացել է»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Խուդոյանը և հավելեց. «Ընդհանրապես այդպիսի բան չկա, որ ամանորյա շրջանում ինքնասպանություններն ավելանում են»: Նրա խոսքով ինքնասպանությունները գարնանն ու աշնանն են շատանում: Տոները այդքան մեծ սթրես չեն առաջացնում, որի արդյունքում մարդը կարող է նման որոշում կայացնել: «Ինքնասպանությունը տենց ստից բանի համար չի կատարվում, ավելի խորը պատճառներով է կատարվում, բայց կարող է ինչ-որ մեկի մոտ ամանորն էլ փոքր-ինչ նպաստել»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է դեռահասների կողմից նման փորձեր անելու դեպքերին, ապա, ըստ հոգեբանի, դա տարիքի հետ է կապված: «Պատանեկան տարիքն է, որն ամենախոցելին է»,-բացատրեց Խուդոյանը: