Պետրո’ս, գնա զորամաս. Հայոց արծվի հորդորը
Արդեն տեղեկացրել ենք, որ Կենտրոն հեռուստաընկերության լրագրող Պետրոս Ղազարյանը սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար, “Հայոց արծիվներ”-ի առաջնորդ Խաչիկ Ասրյանին մեղադրել է Գարեգին Նժդեհի մտքերը գողանալու եւ օգտագործելու մեջ: Հայաստանի գլխավոր արիվը պատասխանել է նրան:
“Որպես նախաբան, ցավում եմ պրոֆեսիոնալ լրատվադաշտում գործունեություն ծավալող, քծնողի հոգեբանությամբ ապրող Պետրոս Ղազարյանի “Խաչիկ Ասրյանը Նժդեհից թխել է եռամիասնության գաղափարը” հոդվածի համար:
Իմ գիտակցական կյանքում միշտ առաջնորդվել եմ մեծ հավատքով առ Աստված, իմ մեծանուն նախնիների շիրիմների առջեւ խոնարհվելու գաղափարախոսությամբ, միաժամանակ նրանց գերազանցելու գաղափարներով, ինչպես նաեւ հայրենասիրությամբ ապրելով, ինչը դժբախտաբար օտարածին է պետրոսների պես մարդկանց համար: Ի վերուստ տրված Հայկական բարձրավանդակի աշխարհագրական դիրքը`շրջապատված թշնամի պետություններով, ստիպում է մեզ ոչ միայն ամեն օր ապրել մեծանուն զորավար Գարեգին Նժդեհի ստեղծած ցեղակրոնության գաղափարախոսությամբ, այլեւ ամեն վայրկյան մեր նախնիների ստեղծագործությունները գերազանցելով կերտել մեծ եւ հզոր Հայաստան:
Պետրո´ս, քո խոսքերից դժբախտաբար հասկացա, որ դու ընդհանրապես կապ չունես մեծանուն զորավար Նժդեհի ո´չ ուսմունքի, առավել եւս ո´չ էլ նրա արտահայտած մտքերի հետ: Այլապես, իսկույն կհասկանայիր, որ Նժդեհը երբեք չի արտաբերել այս կարգախոսը, որը վերաբերում է եռամիասնության արժեքային համակարգին: Դա բացառապես իմ հեղինակած եւ ”Հայոց Արծիվների” որդեգրած կարգախոսն է:
Ի տարբերություն շատերի, բարեբախտաբար, իմ անունից հնչեցվող կոչերն ու կարգախոսները, այդ թվում “Հայոց Պետականություն, Ազգային Բանակ, Հայոց Նախագահ” կարգախոսը բացարձակապես իմ ուղեղում ծնված մտքեր են, որոնք ձեւավորվել են 20-ամյա իմ հայրենանվեր գործունեության ընթացքում` կազմակերպելով 2500-ից ավելի պետականամետ միջոցառումներ:
Խորհուրդ եմ տալիս քեզ` Պետրո´ս, չվարկաբեկել մեծանուն նախնիների անգնահատելի եւ պատմական մեծ նշանակություն ունեցած գործողությունները: Փոխարենը, Պետրո´ս, քո ապրած կյանքից 1 օր տրամադրիր զորամասում ծառայող զինվորին, սահմանագծի մարտական հենակետը, ինչպես նաեւ քո ընտանիքի անդորրը անձնուրաց պաշտպանող անկոտրում հայ սպային այցելելուն, եւ վերջապես 1 անգամ գոնե այցելիր սահմանամերձ համայնք, զգա գյուղացու մարտունակ ոգին, որը միշտ էլ ապրում է եռամիասնության արժեքային համակարգով: Այլապես, Պետրո´ս, տարիների ընթացքում կարժանանաս քո ընտանիքի, քո հարազատների, հայ ժողովրդի մեծագույն արհամարհանքին”,-գրել է Ասրյանը: