29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Շնորհավորում են Տեր-Պետրոսյանին

ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը, ում  ՀԱԿ-ը չի աջակցում  նախագահական ընտրություններում, այնուամենայնիվ, այսօր շնորհավորել է ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանին ծննդյան օրվա կապակցությամբ: ”Արդեն շնորհավորել եմ, նորից եմ շնորհավորում”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Բագրատյանը` Տեր-Պետրոսյանին մաղթելով ամենայն բարիք: Պատգամավորը Տեր-Պետրոսյանին համարում է շատ լուրջ քաղաքական գործիչ: 

Առաջին նախագահի անցած ուղին հակասական է համարում ”Ազգային համաձայնություն” կուսակցության նախագահ, մեկ այլ նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը: Վերջինս նրան գնահատում է որպես ինտելեկտուալ գործիչ, սակայն ամեն դեպքում հիշատակում է, որ  նախկին նախագահը բազմաթիվ սխալներ է արել:

”Ինքն ի վերջո եղել է 1991-1998թթ. նախագահ, եղել են և վատ գործեր, եղել են և լավ գործեր: Համոզված եմ` ինքն էլ է զգացել, որ արել է սխալներ և  նաև որոշ չափով այդ սխալների պտուղն է ինքն այսօր քաղում”,-ասաց Հարությունյանը: 

Անկախ քաղաքական հայացքներից` ՀԱԿ առաջնորդի տարեդարձը մեզ հետ զրույցում շնորհավորեց նաև ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նա նշեց, որ Տեր-Պետրոսյանը ընդամենը մի քանի օր առաջ է հայտարարել, որ չի մասնակցելու նախագահական ընտրություններին և այսպես ասած`  հեռանում է ակտիվ քաղաքականությունից:

”Ես այս հինգ տարիներին շատ ակտիվ իր ցանկացած կարծիքի, հայտարարության մասին տեսակետ ասողներից մեկն եմ եղել, իմ կարծիքը չի փոխվել: Ցանկացած քաղաքական գործչի մասին ամբողջական կարծիք հայտնելու համար պետք է ժամանակ, որն ամեն ինչ տեղն է դնում` առանց սուբյեկտիվ և օբյեկտիվ գնահատականների:

Շատ քաղաքական հարցերում մենք տարաձայնություններ ենք ունեցել, ինքը եղել է ՀԱԿ առաջնորդ, մենք ”Հանրապետականներ”, բայց մենք երբեք  անձերի դեմ չենք պայքարել, մեր պայքարը երևույթների դեմ է”,-ասաց Շարմազանովը և նկատեց, որ ինքը խորը հարգանք ունի անկախ Հայաստանի բոլոր պաշտոնաթող նախագահների նկատմամբ:

”Անկախ նրանից նույն կարծիքին ենք, թե ոչ, մենք պարտավոր ենք անկախ պետականության մեր բոլոր ղեկավարների հանդեպ ունենալ խորը հարգանք”,-ընդգծեց ԱԺ փոխնախագահը:

Մեր զրուցակիցները առաջին նախագահին մաղթեցին առողջություն, երկարակեցություն: Այսօր Լևոն Տեր-Պետրոսյանը 68 տարեկան դարձավ:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ