08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

5 մեղադրյալ՝ հեպատիտ C-ով վարակելու դեպքի առիթով

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Քաջարանի բժշկական կենտրոնում բուժվող հիվանդների՝ «հեպատիտ C»-ով վարակվելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Քննությամբ պարզվել են վարակի տարածման եղանակը, առերևույթ հանցագործություն կատարած անձանց շրջանակը և, ձեռք բերված ապացույցների հիման վրա, 5 անձի մեղադրանք է առաջադրվել։ 2015 թվականի հունվարին տեղեկություն էր ստացվել, որ «Քաջարանի բժշկական կենտրոն» բուժօգնության դիմած մի քանի քաղաքացիների մոտ նշված կենտրոնում բժշկական միջամտության, վիրահատության ենթարկվելուց հետո ախտորոշվել է «հեպատիտ c» հիվանդություն:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում իրականացվել են տարբեր քննչական գործողություններ, նշանակվել են շուրջ 5 տասնյակ փորձաքննություններ՝ քրեական գործի համար էական նշանակություն ունեցող հանգամանքների պարզաբանման համար: Համապատասխան հետազոտություններ է անցել 2014 թվականի ընթացքում Քաջարանի բժշկական կենտրոնում վիրահատված շուրջ 200 քաղաքացի։

Կատարված քննությամբ հիմնավորվել է, որ 14 քաղաքացի «հեպատիտ C»-ով վարակվել է նշված բժշկական կենտրոնում համապատասխան բժշկական օգնություն ստանալուց հետո, և որոշում է կայացվել` նրանց տուժող ճանաչելու մասին։ Նախնական քննությամբ պարզվել է, որ Քաջարանի բժշկական կենտրոնում 2014 թվականի ընթացքում ընդհանուր անզգայացմամբ իրականացված վիրահատությունների ժամանակ միանգամյա օգտագործման համար նախատեսված ներշնչափողային խողովակները, արտածծիչ սարքի խողովակը և ծայրադիրներն օգտագործվել են բազմակի, նշված բժշկական գործիքները և ընդհանուր անզգայացման ժամանակ օգտագործված «լարինգոսկոպն» ախտահանվել են ՀՀ առողջապահության նախարարի մի շարք հրամանների պահանջների խախտումներով:

Արձանագրվել են նաև սանիտարահամաճարակային ոլորտի այլ խախտումներ, որի արդյունքում 2014 թվականի ընթացքում բժշկական կենտրոնում վիրահատված 14 քաղաքացի հիվանդացել է «հեպատիտ C» հիվանդությամբ: Քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է սանիտարահամաճարակային կանոնների պահպանման համար պատասխանատու, առերևույթ հանցագործություն կատարած անձանց շրջանակը:

Քննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ «Քաջարանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության նախկին տնօրեն Վարդան Ավագյանին, տնօրենի տեղակալ Վիրաբ Մանասյանին, գլխավոր բուժքույր Արմեդա Վանեսյանին, ավագ բուժքույր Նորա Կարապետյանին, բժիշկ-անեսթեզիոլոգ Երվանդ Ավագյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 277-րդ հոդված 2-րդ մասով, այն է` սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդկանց զանգվածային հիվանդացում` նրանց առողջությանը պատճառելով ծանր վնաս։ Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ