Սոսեի առաջին ճիչն ամոքեց իմ վշտահար սիրտը. հեռվանց նամակ առողջապահության նախարարին
Կապանցի 80-ամյա Շնորհիկ Հակոբյանը ծոռան ծննդյան առիթով բաց նամակով իր երախատագիտությունն է հայտնում առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանին եւ “Էրեբունի” բժշկական կենտրոնին:
‘Մեծարգո նախարար, Դուք ժողովրդի այր եք, եւ գիտեմ, որ բուժական համակարգի բարեգութ սպասարկումն ուրախացնում ու ոգեւորում է Ձեզ:
Ութուկես տասնամյակն իմ ապրած կյանքն է, եւ սրտի խորունկ ցավ ունեմ.
Ազատամարտիկ Սոս որդիս մարտի դաշտում կյանքը նվիրել է հայրենիքին, Արուս դուստրն իմ խնամքի տակ է մեծացել, ընտանիք է կազմել եւ ահա` 2012-ին դեկտեմբերի 12-ին “Էրեբունի” բժշկական կենտրոնում, բուժանձնակազմի հույժ արհեստավարժ հոգացությամբ զավակ ունեցավ. իմ ծոռնուհի Սոսեի առաջին ճիչն ամոքեց իմ վշտահար սիրտը:
Հեռվանց` Կապանից, քննեցի եւ իմացա, որ մայրաքաղաքային բուժսպասարկումն արդիական-մարդասիրականի չափանիշներով է: Բացառիկ հոգատարության համար զգացված ու մեծարված եմ եւ համոզված, որ այդ ամենը նախարարիդ բարեփոխումների աննախընթաց ձեռագիրն է:
Մեր ընտանեկան ալբոմում գրանցել տվեցի գինեկոլոգիայի բաժնի վարիչ Հռիփսիմե Մոկացյանի, նորածնային բաժանմունքի վարիչ Լարիսա Երիցյանի, մանկաբարձական բաժանմունքի հետծննդյան օղակի ղեկավար Տիգրան Սարգսյանի պայծառ անունները: Եթե երբեւէ այցելեք բժշկական կենտրոն, խնդրեմ` Ձեր նախարարական բարձրությունից գոհունակություն հայտնեք բժիշկներին, կրտսեր բուժանձնակազմին:
Իմ Աստվածապարգեւ Սոսե Մերուժանի Կարապետյանի կնունք-մկրտությանը Ձեր հաճությամբ կհրավիրեմ նաեւ բուժաշխատողներին:
Տարեցի սրտաբուխ օրհնությամբ`
Շնորհիկ Հակոբյան”: