Ուսուցիչների բառարանից կհանենք «այո»-ն. ԱԺ նախագահ
Ազգային ժողովում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հորդորեց Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանին պարզել իրենց հասած ահազանգերը, թե ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն արդեն հրահանգել է բոլոր ուսուցիչներին Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին «այո» ասել: Զուրաբյանը պնդեց` Աշոտյանը երկրորդ անգամ է չարաշահում իր պաշտոնեական դիրքը:
ՀԱԿ պատգամավորի խոսքով՝ խախտումներից առաջինը «Հ1»-ի եթերում քաղաքական բանավեճի ֆորմատով հաղորդման հաղորդավարությունն է, ինչը խախտում է հեռուստատեսության անկողմնակալությունը, քանի որ վերջինս ոչ միայն զբաղեցնում է նախարարի պաշտոնը, այլ նաև իշխող կուսակցության փոխնախագահն է: Ի պատասխան՝ Գալուստ Սահակյանն ասաց` Զուրաբյանի բարձրախոսը չանջատեց, քանի որ խոստացել է.
«Ինչ-որ առիթով ես խոստացել էի, որ չեմ անջատի և դրա համար չանջատեցի, սակայն Ձեր ասածն օրակարգի հետ կապ չունի: Ձեր ասածից մի բան հիշեցին, որ 1996-1997 թվականներին նման բան եղել է և եթե նման ահազանգ կա, այսօր էլ պետք է ստուգել»,- արձագանքեց Սահակյանը:
ՀԱԿ խմբակցության ղեկավարն արձագանքեց` 1996-1997 թվականների իրադարձությունների համար պատասխանատու է հենց ինքը`Գալուստ Սահակյանը և «իր քաղաքական ուժը ՝ ՀՀԿ-ն»:
«Այստեղ խնդիրը ԿԳ նախարար Աշոտյանը չէ, այլ նաև նրա հրահանգները կատորող տնօրենները և ուսուցիչները, քանի որ այն, ինչ նրանք ստիպում են անել ծնողներին, քրեորեն պատժելի է»,- ասաց Զուրաբյանը: Նրան կրկին արձագանքեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը.
«Հիմնական դպրոցներն անմիջապես Աշոտյանը չի ղեկավարում: Ձեր ասածով ստացվում է, որ ընտրության չպե՞տք է մասնակցեն ուսուցիչներ, իշխանության ներկայացուցիչներ, իսկ Կառավարության անդամներն էլ չպետք է ունենան իրենց տեսակետերը, քանի որ եթե «այո» են ասում, ուրեմն խախտում է: Սրանից հետո ուսուցիչների բառարանից կհանենք «այո» բառը և միայն «ոչ»-ը կմնա»: