Րաֆֆի Հովհաննիսյանը 13-րդն է
“Ժառանգություն” կուսակցության տարածած հայտարարության համաձայն` այսօր կեսօրին կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը առաջադրման փաստաթղթերը որպես նախագահի թեկնածու ներկայացրեց Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Այսպիսով, Րաֆֆի Հովհաննիսյանը 13-րդ մարդն է, ով ցանկանում է ընտրվել ՀՀ նախագահ:
Հիշեցնենք, որ առաջադրման օրվանից` դեկտեմբերի 25-ից սկսած ԿԸՀ փաստաթղթեր են ներկայացրել12 թեկնածու` “Քաշաթաղ” հասարակական կազմակերպության նախագահ, անկուսակցական Ռոբերտ Սիմոնյանը, Հայաստանի մարտական կարատե կոբուդոյի ազգային ֆեդերացիայի նախագահ, անկուսակցական Տարոն Աբրահամյանը, “Ազատություն” կուսակցությունից՝ նախկին վարչապետ, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը, անկուսակցական Մհեր Հայրապետյանը, էպոսագետ Վարդան Սեդրակյանը, ԱԻՄ կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը, Հայաստանի նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը, “Ազգային համաձայնություն” կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը, քաղաքագետ Անդրեաս Ղուկասյանը, ինքնառաջադրմամբ ` կենսաթոշակառու Պավլիկ Սարգսյանը, Մամուլի ազգային ակումբի ղեկավար Նարինե Մկրտչյանը եւ ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը:
Առաջադրման վերջին ժամկետը 2013-ի հունվարի 4-ն է: