24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Այսօր թող լինի վերարժևորման օր

«Եվ մի՛ տանիր զմեզ ի փորձություն, այլ փրկյա՛ զմեզ ի չարեն»: (Մատթ. 6:14)

Սիրելի՛ հավատացյալ քույրեր և եղբայրներ,

Այսօր՝ այս ալեխռով օրերի հոլովույթում, մենք՝ իբրև հայ քրիստոնյաներ, մեր սուրբ պարտքն ենք համարում աղոթել Աստծուն մեր հավատակից եղբայրների համար: Աշխարհում միշտ էլ եղել են պատերազմներ, փորձություններ, վտանգներ, երկրաշարժեր, արհավիրքներ, երաշտ ու հիվանդություններ, մահտարաժամեր, և այսօր էլ շարունակվում են դրանք:

Սակայն դրա հետ մեկտեղ մեզ՝ քրիստոնյաներիս համար առաքինությունների ցուցաբերման մարտահրավեր է՝ համբերության և աղոթական կյանքի, հսկումների, պահքի և ողորմածության դրսևորման: Քրիստոս այս աշխարհում խաղաղ և անհոգ կյանք մեզ չի խոստացել: Ոչ թե ի զորու չէ: Քավ լիցի, դա չէ մեր մտահանգումը:

Մեր Տիրոջ համար ամեն ինչ դյուրին է, որովհետև Նա է Արարիչն այս ամենի: Այս աշխարհը չի կարող բերկրանքի վայր լինել, քանի որ Աստծո պատվիրաններով չի ապրում, քանի որ մեղքն է իշխում մարդկանց սրտերում, խոսքերում և գործերում: Մենք չգիտենք, թե ինչ պատվիրաններ ունեն մյուս կրոններին դավանող մարդիկ, բայց մի բան մենք վստահ կարող ենք ասել, որ քրիստոնեությունը սիրո կրոն է, ողորմածության, վշտակցության կրոն է:

Աշխարհն ընթանում է դաժանությամբ, անգթությամբ, անողորմությամբ, խաբեբայություններով, սպանություններով, գողություններով: Տերն ասում է. «Արթուն կացեք և աղոթեցեք, որպեսզի փորձության մեջ չընկնեք» (Մարկոս 14:38): Այսօր մեզ բոլորիս պակասում է աղոթքը: Եկեղեցիներում, մարդկային հոգիներից ներս աղոթքն է պակասել: Մարդկանց թվում է, թե եկեղեցիների կարիք չկա: Մարդը լիակատար կերպով բարոյական և առաքինի լինել չի կարող՝ առանց Աստծո ներգործության, առանց Սուրբ Հոգու շնորհների:

Վանքերը երկրապահ ամրոցներն են, և վանական աղոթքներն են երկրի վրա իջեցնում Աստվածային գթառատությունը: Մարդն իր հոգին պիտի վստահի Աստծո հիմնած եկեղեցուն, որպեսզի մաքրագործվի: Արևմուտքն ուզում է իր հաստատած օրենսդրությամբ հասնել մարդկային կյանքի բարելավմանը՝ մարդկային կյանքից վտարելով իր Արարչին: Սակայն կյանքը գալիս է ապացուցելու, որ առանց Աստծո չիք փրկություն, չիք կյանք, որ Աստծո պատվիրանների իրագործմամբ է գալիս օրհնությունը:

«Եկեք ինձ մոտ, բոլոր հոգնածներդ ու բեռնավորվածներդ, և ես ձեզ կհանգստացնեմ» (Մատթ. 11:28) ասում է Հիսուս Քրիստոս: Այսպիսի մի խոսք կա: Ասում են, մարդն ավերում է, հետո խնդրում Աստծուն, որ վերականգնի իր քանդածը: Մենք՝ մարդիկս ենք հասել այն բանին, ինչի հասել ենք: Եվ միշտ, ինչպես պատահում է նման պարագաներում, նայում ենք Տիրոջը՝ պահանջելով իր արդարամտությունը, բայց չէ որ մինչ այդ մենք ապրում էինք՝ Աստծուն բացառելով մեր կյանքից: Ո՞րն է այս ամենի լուծումը: Աղոթք և պահք: Ահա, թե ինչ է անհրաժեշտ: Աղոթքն առ Աստված և պահքային զոհաբերությունը:

Սուրբ Գիրքը ներկայացնում է նինվեացիների վարքը, երբ նրանք լսեցին, որ Աստված Նինվեն կործանելու է. «Նինվեացի մարդիկ հավատացին Աստծու պատգամին, պահեցողություն հայտարարեցին և մեծից մինչև փոքրը քուրձ հագան: Լուրը հասավ նինվեացիների թագավորին: Սա ելավ իր գահից, հանեց իր պատմուճանը, քուրձ հագավ և նստեց մոխրի վրա: Թագավորի ու նրա մեծամեծների կողմից Նինվեում հայտարարվեց ու ազդարարվեց, թե մարդ և անասուն, հոտ և արջառ թող ոչինչ չուտեն, չճարակեն և ջուր չխմեն» (Հովնան 3:5-7):

Մեր հորդորն է այսօրվանից իսկ անդրադառնալ սեփական կյանքում Սուրբ Գրքի ընթերցանության, աղոթքի, պահքի նշանակությանը: Աղոթքում հիշել ոչ միայն սեփական անձն ու մերձավորներին, այլև յուրաքանչյուր Աստծո օր աղոթական ուշադրության արժանացնել ամենատարբեր մարդկանց՝ հիշելով ընտանիքից հեռացած պանդուխտներին, հարբեցողներին, անհամբեր վարորդներին, սահմանին մեր հանգիստ քունն ապահովող զինվորներին, անվերջ վիճող ծնողներին և զավակներին, անհաշտ ընկերներին, անգիտակից երիտասարդներին, փորձության մեջ ընկածներին, անհավատության մեջ ծերացողներին, զավակ չունեցողներին, հալածյալներին, հիվանդանոցներում կյանքի համար պայքարող հոգիներին ու նրանց հարազատներին, բանտարկյալներին, որպեսզի ոչ ոք անհուսալիության չմատնվի և ոչ ոքի հոգին չկորչի մեղսական համառության մեջ:

Կյանքը բարելավել է անհրաժեշտ սիրո աղոթքներով մեկս մյուսի համար, առանց զլանալու, առանց հոգնության, առանց ձանձրույթի: Հանգիստը միայն երկնային արքայության մեջ է, այստեղ ջանքն ու անդուլ աշխատանքն են՝ ի փրկություն և ի մաքրագործություն մարդկային մեղավոր հոգու: Մարդ փորձում է այս աշխարհում բարեկեցության հասնել, բայց հարց է ծագում. ի՞նչ ճանապարհներով: Ահավասիկ այսօր աշխարհում բարեգործության օրինակներն են բազմացել, մարդկային օժանդակության և ձեռքմեկնումի բազում գեղեցիկ դեպքերի ենք ականատես լինում, սակայն մարդկային կյանքը կրկին դժոխային ապրումների տեղիք է տալիս. կրկին պատերազմներ, բնության արհավիրքներ, տնանկություն, սով:

Եվ այս ամենը սիրո, աղոթքի և Ճշմարիտ Աստծո նկատմամբ ճշմարիտ հավատի բացակայության պատճառով: Մի պահ պատկերացնենք, որ երկարատև սպասումից հետո որդի ենք ունեցել, և նա կյանքը պատկերացնում է առանց մեզ, առանց մեր կողքին, մեզ հետ ապրելու՝ բացառելով մեզ իր կյանքից, զրկելով մեզ մեր ծնողական դիրքերից, զրկելով մեզ իր մասին հոգ տանելու մեր պարտականություններից:

Այսօր թող լինի վերարժևորման օր: Վերարժևորելու կարիք ունեն մեր միտքը, մեր հոգին, մեր սիրտը, մեր լեզուն, որպեսզի յուրաքանչյուրն իր հերթին կարողանանք ծառայեցնել ի փառս մեր Տիրոջ և հօգուտ մեր փրկության, մեր հարազատների հետ փոխհարաբերությունների կարգավորման, Աստվածահաճո կենցաղավարման, առաքինի վարքագծի դրսևորման, որպեսզի անուշահոտություն բուրի բոլոր քրիստոնյաների խոսքերից ու գործերից:

Որպեսզի, ինչքան էլ փորձություններն ու փորձանքները գան, աշխարհից նահանջի անհուսությունը, և մարդիկ հավատան Աստծուն, Աստծո խոստացած բարիքներին: Որպեսզի մարդկային հոգին, որի համար զոհաբերվեց Ինքը՝ Աստծո Որդին, չկորչի հանկարծ: Ի վերջո, եկեք խորհրդածենք առաջիկա պահքի մասին, որ է գալիք շաբաթ: Սակայն մեր եկեղեցու հայրերը հենց այնպես չէ, որ սահմանել են Աստվածհայտնության (հիսնակաց) այս պահքը, որ գնում հասնում է մինչև Սուրբ Ծնունդ:

Պահքային մաքրագործմամբ, աղոթական հսկումներով ջանանք անցկացնել տարեվերջյան օրերը՝ խոկալով անցնող տարվա հոգևոր մեր ձեռքբերումների և կորուստների մասին, քանի որ բազում ճանապարհների մեջ այս է ուղին կենդանարար, որ փրկում է մեզ աշխարհի առաջարկած անհեռանկար կարճընթաց հաճույքներից և տանում է առ Աստված, մերձեցնում մեզ Անմերձենալիի հետ և արժանացնում երկնային կյանքի մշտնջենական երանությանը…

 

Տեր Վահան քհն. Առաքելյան

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ