Թող առաջընթացի եւ զարգացման տարի լինի. վարչապետ
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյաննը Ամանորի ուղերձ է հղել.
Սիրելի հայրենակիցներ,
2012 թվականը մոտենում է ավարտին, եւ մենք պատրաստվում ենք դիմավորել 2013 թվականը: Անցնող տարին լի էր բազմաթիվ հիշարժան իրադարձություններով: Հայաստանում տարիներ առաջ մեր կողմից նախաձեռնած փոփոխութուններն այսօր տալիս են դրական արդյունքներ:
Տարին ամփոփում ենք նախագահի կողմից նպատակադրված 7 տոկոս տնտեսական աճով, պետական բյուջեի ամբողջական կատարումով, ցածր գնաճի պայամաններում։
Մենք քաջ գիտակցում ենք, որ դեռեւս ունենք բազմաթիվ չլուծված խնդիրներ, որոնց լուծումները տալիս ենք միասին՝ լսելով ձեր կարծիքները, ընդունելով արդարացի քննադատությունը, դրսեւորելով քաղաքական կամք մեր համոզմունքներն իրականություն դարձնելու ճանապարհին։
Իրականացվող քաղաքականությունը միտված է տնտեսության զարգացման միջոցով որակյալ աշխատատեղերի ստեղծմանը, բարեկեցիկ եւ առողջ կյանքի համար միջավայրի ձեւավորմանը, որպեսզի մեր քաղաքացիները չմտածեն հայրենիքը լքելու եւ այլ երկրներում աշխատանք փնտրելու մասին:
Սիրելի հայրենակիցներ,
Շնորհավորում եմ յուրաքանչյուր հայ ընտանիքի Ամանորն ու Սուրբ Ծնունդը:
Ցանկանում եմ, որ 2013 թվականը մեր ժողովրդի համար լինի առաջընթացի եւ զարգացման տարի, որպեսզի մեր երկրում խաղաղություն լինի, մեր ընտանիքներում՝ անսահման սեր եւ ջերմություն:
Վստահ եմ, որ բոլոր ապագա ձեռքբերումները կախված են նախ եւ առաջ մեզանից, մեր լավատեսությունից, հավատից դեպի ապագան:
Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ:
Աստված մեզ բոլորիս պահապան: