Ո՞վ ասաց գեներալ Մանվելը դեմք է, Հայկը` ոչ /վիդեո/
Ազգային ժողովում աշխատող լրագրողների համար տարեվերջին հատկապես կարեւորվում է ազգի ընտրյալներից` հատկապես “դեմքերից” մի բան պոկել: Մանավանդ որ ունես գլխավոր խմբագրի հանձնարարականը եւ “ծնոտդ” պոկելու էլ լինեն, դու պիտի գործդ ավարտին հասցնես:
Բնականաբար չխոսկան դեմք-պատգամավորները` օգնականներով են պտտվում ԱԺ-ում: Նիստը սկսվելուց առաջ ուղեկցում են նրանց դահլիճ, հետո էլ ապահով հասցնում աշխատասենյակ: Առաջին նշանակետս գեներալ-պատգամավոր Մանվել Գրիգորյանն էր: ԱԺ-ում աշխատած ավելի փորձառու գործընկերներս խորհուրդ տվին` պատահական չմոտենամ, այլ փորձեմ “չերեզ” օգնական:
Պայմանավորվեցինք, բայց արի ու տես ազգիս ընտրյալը միշտ զբաղված է` մոտը մարդ կա: Դե մտածեցի չխանգարենք դեպուտատին` Սեդրակյան Մհերի հետ նախագծեր է քննարկում: Ինչ վերաբերում էր մեր ցանկությանը, ապա գեներալից պարզապես Ամանորի հարցազրույց էինք ուզում: Չորս օր տանել-բերելուց հետո ասացին, որ Երկրապահ կամավորների միության նախագահի ուղերձը կլինի:
Հաջորդ գեներալ պատգամավոր Սեյրան Սարոյանը վատառողջ էր, բայց ԱԺ վերջին արտահերթ նիստերին եկել էր, աննկատ էր պտտվում: Փոխարենը, օգնականը նստած էր նրա սենյակում, ծխում էր եւ բարեհամբույր իմանալով հարցի բովանդակությունը` երնեկ այս նոր տարին ինչ չբերեր` պատասխանեց. “Գիտեք, ինքը չի խոսալու, վատառողջ է, հազիվ նիստի է եկել”:
Հետո նկատեցի մի քիչ ավելի ոչ կարկառուն դեմքի` Սամվել Ալեքսանյանին, որի տրամադրությունը չնայած բարձր էր, բայց հերթական “մուտիլովկան” արեց: “Ազիզ, էսօր շորերս լավ չի, վաղը փոխված կգամ, պայմանավորվեցի՞նք”,-ասաց: Իհարկե, պայմանավորվեցինք, բայց համոզված էինք, որ այդպես էլ չի կարողանալու շորերը փոխել:
Հերն էլ անիծած` ասեցի ես ու նկատեցի թիվ 37 ընտրատարածքից պատգամավոր ընտրված Հայկ Գրիգորյանին: Ով ասաց, որ Հայկը դեմք չի, ամենաերիտասարդ պատգամավորը, մարդը նույնիսկ ելույթ ունեցավ, դատապարտեց Սաֆարովի ազատ արձակելը: Այստեղ բախտս բերեց. պարզվեց Հայկը դեռ էնքան էլ “դեմք” չի ու խոսեց:
Պարզվեց , որ իրեն դեմք չի համարում նաեւ էքս-նախագահի խնամի Վոլոդյա Բադալյանը: Նա էլ սիրով Henaran.am-ի հարցին պատասխանեց:
Մտածեցի կգոհանա՞ խմբագիրս, թե՞ չէ, բայց դե ես տրամադրված չէի ծնոտս ԱԺ-ում թողնելու, եւ հետո ո՞վ է որոշում դեմքերին:
Դեմք-պատգամավորների ցանկություններն ու մաղթանքները` տեսանյութում: